Խնդիր է դրված քաղաքացուն ցույց տալ, թե այս պահի դրությամբ որքան է իր գույքային համալիրի գինը

12-09-2019 09:45

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ երեկ քննարկեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանի խոսքով, այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում շտկելու այն անհամապատասխանությունը, երբ շքեղ, մեծ եւ ճոխ գույք ունեցողն ու մեկ-երկու սենյականոց բնակարանի սեփականատերը մուծում են գրեթե նույն կարգի գումար: «Ակնհայտ է, որ սա աղճատված համակարգ է եղել եւ խնդիր է դրված բոլոր հնարավոր գործոնները հաշվի առնելով քաղաքացուն ցույց տալ, թե այս պահի դրությամբ որքան է իր գույքային համալիրի գինը»,- ասել է նա: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը գտնում է, որ թեեւ նախագիծը կադաստրային արժեքին է վերաբերում, սակայն դրան հաջորդելու է գույքահարկի բարձրացումը, ինչը կարող է էլ ավելի խոցելի դարձնել հասարակության անապահով շերտերին: «Չի կարելի կտրուկ վիրահատական մոտեցում ցուցաբերել: Համաձայն եմ, որ այսօր կադաստարային արժեքը իրականության հետ համահունչ չէ, բայց միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերը՝ ճիշտ կարգավորում տալու համար, իսկ դա սկսվում է ճիշտ պլանավորումից: Գույքահարկը եւ կադաստրային արժեքը պետք է քննարկվեն մեկ ընդհանուր փաթեթով, այլ ոչ թե առանձին-առանձին»,- նշել է Ծառուկյանը»:

Lragir.am,
12-09-2019 09:45