ՍԴ-ն ընդունել է մի որոշում, որը տարբեր կերպ է ընկալվում

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Պարոն Վարդանյան, Քոչարյանի գործով ՍԴ որոշումից հետո տարբեր կարծիքներ են հնչում, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, քանի որ լեգիտիմ չեն այդ կառույցի և ղեկավարը, և անդամները: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ լեգիտիմ չեն ՍԴ-ի որոշումները: Նախ՝ այս դիմումի ընդունման շեմը, իմ կարծիքով, չէր հաղթահարվել, և ՍԴ-ն այն չպետք է վարույթ ընդուներ: Երկրորդ՝ այն հանգամանքը, որ ՍԴ-ն դիմումի առկայության պարագայում առ այն, որ որոշ դատավորներ ի վիճակի չեն քննելու այս գործը, այսինքն՝ անհնարին է նրանց մասնակցությունը գործի քննությանը, քանի դեռ դրան ՍԴ-ն չի անդրադարձել և այդ դատավորների մասնակցությամբ է այդ որոշումը կայացվել, զգալիորեն իջեցնում է վստահելիությունը այդ որոշման նկատմամբ՝ կասկածի տակ դնելով դրա լեգիտիմությունը: Ի՞նչ պետք է հաջորդի սրան, ի՞նչ անելիք ունի Ազգային ժողովն այս պայմաններում: Խորհրդարանն ունի որոշակի լիազորություններ և քաղաքական, և իրավական դաշտում: Մասնավորապես ՍԴ դատավորների նշանակման, ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման հետ կապված լիազորությունները սահմանված են Սահմանադրության մեջ: Մնացած հարցերը կախված են նրանից, թե ինչ իրավիճակի կբախվենք և որ ճանապարհով ենք շարժվելու: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկած երեք տարբերակները խորհրդարանը քննարկո՞ւմ է: Այս հարցի հասցեատերը երևի թե ես չեմ, ճիշտ կլինի, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանի այդ հարցին: Այն, որ Վահե Գրիգորյանի նամակը հասցեագրված է նաև ԱԺ-ին և մանրամասն ուսումնասիրվում է մեր կողմից, սա փաստ է: Այն ուսումնասիրվել է: Այդ առաջարկներից ո՞րն է ավելի ընդունելի: Վահե Գրիգորյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք քննարկման ենթակա են: Դուք ՍԴ խնդրի լուծման ի՞նչ տարբերակ ունեք: Ես շատ տարբերակներ ունեմ, բայց դրանք մինչև չքննարկեմ իմ գործընկերների հետ, կարծում եմ՝ սխալ կլինի դրանց մասին բարձրաձայնելը: Ուշացած չե՞ն այդ քայլերը: Չեմ կարծում, որ ուշացած են: Դատաիրավական բարեփոխումներն ընթացքում են, կա նախագիծ, մենք քննարկում ենք դրանք: Գիտեք, որ ՍԴ-ն դատական համակարգում առանձնահատուկ տեղ է գրավում, այն առավելապես հանդիսանում է նեգատիվ օրենսդիր մարմին, քան դատական մարմին, և ՍԴ խնդիրը մի փոքր այլ է, քան դատական համակարգի մարմինների խնդիրը: Իհարկե, պետք է արձանագրեմ, որ այն վիճակը, որն առկա է ՍԴ-ում, դրական առումով չի ազդում այն գործընթացների վրա, որոնք պետք է ծավալվեն Հայաստանում: Բայց որոշ առումով սա նաև ներդատական իշխանության խնդիր է, և դատական իշխանությունը ևս պետք է անի հնարավորինը, որ համապատասխանի այն չափանիշներին, որոնք մենք կարող ենք ակնկալել նրանից՝ ելնելով այն զարգացումներից, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Այն, որ ՍԴ-ից վեր չկա որևէ կառույց, որը կարող է բեկանել, վերանայել ՍԴ որոշումները, դեռևս հիմք  չի տալիս, որ ՍԴ-ն շեղվելով օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերից՝ կայացնի որոշումներ, որոնց վստահելիության առումով հանրության մոտ լուրջ կասկած է առաջանում: Քոչարյանի գործի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որոշումը դեռ չկա: Կարո՞ղ է այդ եզրակացությունը որոշակի ազդեցություն ունենալ ընդհանուր տրամաբանության վրա: Իրավունքի տեսանկյունից այն կարող է հաշվի առնվել, քանի որ այն պարտադիր փաստաթուղթ չէ: Բառացիորեն այն «դատարանի բարեկամի կարծիք» է, որը կարող է հաշվի առնվել, կարող է հաշվի չառնվել: Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ ՍԴ որոշումից հետո նա պետք է անհապաղ ազատ արձակվի, սակայն այդ հարցը կարծես չի էլ քննարկվում: Ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը: ՍԴ-ն իրավասություն չունի ինչ-որ մեկին ազատի քրեական հետապնդումից կամ հակառակը՝ ենթարկի քրեական հետապնդման: Փաստաբանները շահագրգիռ կողմ են, իրենք ամեն ինչ էլ կարող են հայտարարել: Այլ բան է, որ փաստաբանները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի ՍԴ որոշումն ընկալվի որպես հիմք քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու համար: Սրանք շահագրգիռ կողմի ենթադրություններ են, որոնք հիմնված են մի որոշման վրա, որը, մեղմ ասած, որոշ առումներով անհասկանալի է և իրավական առումով ընդունվել է սահմանված ընթացակարգերի խախտմամբ: Կան նաև փաստաբաններ, որ նշում են, որ ՍԴ որոշումն ական է «մարտի 1»-ի գործի տակ: Չեմ կարող այդ մասին բան ասել, որովհետև ես ականազերծման գործընթացով զբաղված չեմ, բայց պետք է նշեմ, որ ՍԴ-ի իմաստը հետևյալն է՝ մեկնաբանել, պարզաբանել ու ասել, թե սահմանադրական ինչ շրջանակ մենք ունենք: Հիմա ՍԴ-ն մեզ պետք է ուղղի նրան, թե որն է ճիշտ, որն է սխալ: Մենք ունենք որոշում, որը հանգեցրել է նրան, որ յուրաքանչյուր անձ, ով կարդում է այդ որոշումը, իր մոտ տարբեր ընկալում է առաջանում առ այն, թե ինչ պետք է արվի սրանից հետո: ՍԴ-ն արձանագրել է բաց, որը պետք է լրացվի: Եթե դուք գտնեք երեք փաստաբան, որոնք այս որոշումը կարդացել են և ունեն մեկ միասնական դիրքորոշում, ես կասեմ, որ ես սխալվում եմ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
12-09-2019 09:58