Առաջին ընթերցմամբ ընդունվեց անշարժ գույքի վերաբերյալ լայն քննարկման արժանացած օրինագիծը

12-09-2019 10:53

Հ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինություն հասկացությունները միացնել և որպես մեկ՝ ամբողջական գույքի  մասով հարկում իրականացնել, ունենալ շուկայականին մոտ կադաստրային գնահատման համակարգ և այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է նաև ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում և ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն հատկապես բարձրարժեք գույքերի  կադաստրային գնահատման արդյունքում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին՝ տարատեսակ շահարկումների տեղիք չտալու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հորդորեց այժմ դեմ քվեարկել և մինչև մայիս աշխատել օրենքի փոփոխությունների վրա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ արեց միանշանակ կողմ քվեարկել և փոփոխությունները կատարել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Օրենքի նախագիծն ընդունվեց 92 կողմ, 15 դեմ և 2 ձեռնպահ ձայնով: Օրինագծով նախատեսված է. 1) գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման, 2) անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում, 3) գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում, 4) անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում, 5) անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:

Lragir.am,
12-09-2019 10:53