Հայաստանը հավասարազոր պատասխան քայլ է արել Ռուսաստանի ակնհայտ խտրականությանը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունները, որով օտարերկրյա վարորդական իրավունքներով կարելի է ավտոմեքենայով մտնել Հայաստան, իսկ բիզնես գործունեությամբ զբաղվելն արգելվում է, բացի միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վարորդներից: Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ասել է, որ բացառություն է արվելու Եվրասիական միության երկրների համար փոխադարձության սկզբունքով, եթե նրանք նույն կերպ ճանաչեն հայկական վարորդական իրավունքները: Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է հայկական վարորդական իրավունքներով իր տարածքում աշխատելը՝ ի հեճուկս ԵԱՏՄ՝ աշխատուժի ազատ տեղաշարժման նորմի: Հայաստանը կարեւոր քայլ է ձեռնարկել Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերությունների հաստատման ճանապարհին: Հովհաննես Քոչարյանն ընդգծել է, որ «եթե Ռուսաստանում մեր վարորդական իրավունքները ճանաչվեն, օրինակ, տաքսու վարորդների համար, ապա փոխադարձության սկզբունքով նույնը կանենք ռուս վարորդների համար»: Քոչարյանը նշել է, որ եթե Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակում կարգավորում անի, Հայաստանն էլ նույնը կանի: Սոցցանցերում սկեպտիկ հայտարարություններ են հնչում, որ ռուսական վարորդական իրավունք ունեցողները դժվար թե Հայաստան գան տաքսի վարելու, եւ սա անհամարժեք քայլ է: Չնայած, «ծառայությունների մատուցումը» միայն տաքսին չէ: Ի վերջո, Հայաստանում երկու ռուսական ռազմաբազա, սահմանապահ ուժեր, բազմաթիվ բիզնես հաստատություններ կան, որոնք, հնարավոր է, օգտվում են ռուսական վարորդական իրավունք ունեցող վարորդների տրանսպորտային ծառայություններից: Բայց բանն անգամ այն չէ, որ Երեւանում կսկսեն բռնել ռուսական ռազմական մեքենաներ կամ վարորդների, որոնք մատակարարումներ են անում երկաթուղու կամ Գազպրոմի համար: Բանն այն է, որ Հայաստանը հավասարազոր պատասխան քայլ է արել Ռուսաստանի կողմից ակնհայտ խտրականությանը: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների փոփոխության ցուցիչ է՝ ոչ թե վատթարացման, այլ կարգավորման:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
12-09-2019 00:48