Անարդյունք պարգևատրումներով մսխվում է պետական աշխատավարձերի համատարած բարձրացման առկա հնարավորությունը

12-09-2019 13:15

2014 թվականից է գործում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգը: Այս համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական սկզբունքների վրա հիմնված վարձատրության համընդհանուր կարգավորումների ապահովումն էր, որը պետք է վերացներ տարբեր պետական մարմինների համար՝ մինչ այդ առկա վարձատրության չափերի անհիմն մեծ շեղումները: Իսկ այս շեղումների հիմնական պատճառներից էին տարբեր մարմիններում խրախուսման էապես տարբերվող ֆոնդերի առկայությունը և ըստ այդմ՝ աշխատողների աշխատանքի որակի հետ փոխառնչություն չունեցող պարգևատրումների մեծ տարբերությունները: Առանցքային փոփոխությունն այն էր, որ պետական բոլոր մարմինների համար աշխատավարձի կառուցվածքում հիմնական բաղադրիչ (առնվազն 70 տոկոս մասնաբաժնով) սահմանվեց պաշտոնային դրույքաչափը` բազային աշխատավարձի և յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված գործակցի արտադրյալը: Բազային աշխատավարձն էլ կապվեց նվազագույն ամսական աշխատավարձի հետ, ըստ որի՝ վերջինիս չափի բարձրացումը պետք է ապահովեր նաև բազային աշխատավարձի աճ: Իսկ պետական ցանկացած մարմնի պարագայում պարգևատրմանն ուղղվող միջոցները չպետք է գերազանցեին տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը: Իշխանափոխությունից առաջ և հետո օրվա իշխանությունների բազմաթիվ խոստումներին հակառակ՝ փաստն այն է, որ 2015 թվականից հետո չի բարձրացել նվազագույն ամսական աշխատավարձը, չի ավելացել նաև բազային աշխատավարձի չափը, որը կապահովեր պետական հատվածում վարձատրության համատարած բարձրացում: Ի դեպ, ներկա կառավարությունը խոսք էր տվել նաև զարգացնել այս համակարգը, հատկապես՝ միասնականացներ պարգևատրումների հնարավորություններն ու չափերը: Իսկ իրականում դրվագային մոտեցումներով ավելի խորացվում են հանրության համար արդեն անընդունելի դարձած՝ պաշտոնյաների պարգևատրման խնդիրները: Օրվա իշխանությունները, օգտվելով օրենսդրական ընթացակարգային որոշ բացերից, հետևողականորեն «հմտանում» են պարգևատրումների գործում՝ առաջ բերելով համակարգային նոր խնդիրներ՝ արատավոր նոր դրսևորումներով: Առնվազն անտեսված են նաև պետական հատվածի վարձատրության գործող համակարգի կարևորագույն հետևյալ սկզբունքները՝ վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը, համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը, վարձատրության խտրականության բացառումը, պարգևատրումը՝ ծառայողական գործունեության գնահատման հիման վրա, հատուկ առաջադրանքների, որակյալ աշխատանքի կատարման համար: Մասնավորապես, նախորդ տարվա վերջին բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ՝ օրենքի խախտումներով ինքնապարգևատրվեցին, ինչը բացասական մեծ հնչեղություն ունեցավ հանրության շրջանում: Դրանից հետո՝ այս տարվա ապրիլին  կառավարության նիստում վարչապետի ներկայացմամբ ընդունվեց կառավարության որոշման մի նաագիծ, որով պետական եկամուտների կոմիտեին տրամադրվեց լրացուցիչ պարգևատրման ֆոնդ՝ 1,5 միլիարդ դրամի չափով: Փաստորեն, կառավարությունը ավելացրեց ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը 3 անգամ՝ այն դարձնելով 2,33 միլիարդ դրամ: Բերված հիմնավորումն էլ վերաբերում էր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանը: Սակայն իրողությունն այն է, որ ՊԵԿ-ը պարգևատրվում է պլանավորվածից ավել հարկային մուտքերի համար: Ստացվեց, որ կարելի է հնարավորից քիչ պլանավորեն, հետո էլ՝ ավել հավաքել և դրան էլ համապատասխան՝ պարգևատրվել: Իսկ, եթե չտա՞ն, ապա կարելի է սպառնալ կոռուպցիայով և հանցավոր անգործությամբ: Դրան էլ զուգահեռ, վերջին ամիսներին արդեն պրակտիկա են դարձել ամսական պարբերականությամբ առավելագույն պարգևատրումները «ընտրյալներին», որի շրջանակը ներառում է պետական մարմինների ղեկավար կազմը: Փաստորեն, պարգևատրման հիմքում դրվել է ղեկավար պաշտոն ունենալը: Այսպիսով, ղեկավար պաշտոն զբաղեցնողների ամսական վարձատրությունը կրկնապատկել են արատավոր պարգևատրումներով: Իհարկե, առարկայական խնդիր է այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի՝ մեղմ ասած ցածր որակը, որի բացասական հետևանքները պարբերաբար արձանագրվում են: Ակնհայտ է, որ նման մոտեցումը խտրական է և խնդրահարույց է պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից: Առարկայական հարց է առաջանում. «Ու՞ր մնաց պետական հատվածում կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»: Իրականում վտանգավոր է պետական կառավարման ոլորտներն ու աշխատողներին բաժանել օգտակարների և անօգտակարների՝ պարգևատրումների հիմքում դնելով նրանց կողմից զբաղեցվող պաշտոնը: Ի դեպ՝ առանց այն էլ պետական կառավարման մարմնի բարձրաստիճան ղեկավարները շուրջ 5-10 անգամ ավելի բարձր հիմնական աշխատավարձ են ստանում տվյալ մարմնի կրտսեր պաշտոններ զբաղեցնողներից: Հիշեցնեմ նաև, որ գործող օրենքով պետական ծառայողը պարգևատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Եվ առանձին խումբ բարձրաստիճանների ամսական աշխատավարձը կրկնապատկելու համար պարգևատրման՝ օրենքով սահմանված հիմքեր չկան:  Թադևոս Ավետիսյան ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Lragir.am,
12-09-2019 13:15