Թուրքիայում Գյուլն ու Դավութօղլուն կուսակցություններ են հիմնում

12-09-2019 13:15

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների վերաբերյալ կուլիսային խոսակցություններին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: Սելվիի փոխանցմամբ` Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին: Միջանկյալ նշենք, որ Գյուլը թուրքական մամուլում ներկայացվում է որպես նոր կուսակցության հիմնական ճարտարապետ, իսկ Դավութօղլուի շուրջ խոսակցությունները մերթ նրան կապում են Բաբաջան-Գյուլ երկյակի հետ, մերթ գրում են առանձին կուսակցություն բացելու մտադրությունների մասին: Բաբաջանը հստակություն է մտցրել նաև այս հարցերում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Դավութօղլուն և ևս 3 հոգի հեռացվելու են կուսակցությունից: Այս թեմայի հետ կապված Սելվին գրում է, որ իշխող կուսակցությունից Դավութօղլուն և իր գործընկերները 1 շաբաթ չանցած կհեռացվեն: Ինչ վերաբերում է առանձին կուսակցություններ հիմնելու որոշումներին, լրագրողը հայտնում է, որ Դավութօղլուն Բաբաջանից շուտ կդնի իր կուսակցության հիմքերը: Ավելի վաղ, Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցունից դուրս գալու մասին: Իսկ Դավութօղլուն դեռևս որևէ դիմում չի ներկայացրել կուսակցությունը լքելու համար: 

Lragir.am,
12-09-2019 13:15