Պատժախցում գտնվելիս դատապարտյալներին կարգելվի աշխատել, հանձնուքներ ստանալ

12-09-2019 13:12

Կառավարությունը փոփոխություններ կատարեց իր նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սահմանադրական դատարանի փետրվարի 5-ին կայացված որոշման կատարումն ապահովելու նպատակով: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց՝  որոշմամբ նախատեսվում է, որ ազատությունից զրկված անձին տույժի միջոցներ կիրառելիս պետք է հաշվի առնել ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, այլ դատապարտյալի անձը, նրա վարքագիծը, այլ նաև տույժի միջոցի նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը: Նախատեսվում է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է աշխատելը: «Նաև նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը և ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ այս փոփոխություններով որոշման դրույթները կհամապատասխանեցվեն ՍԴ վերը նշված որոշմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու է սահմանվել, որ կալանավորը պատժախցում չի կարող աշխատել: «Օրինակ, եթե անձը նկարիչ է, մենք պատժում ենք, չենք թողնում որ նկարի՞»,- ասաց վարչապետը: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ խցում անձը կարող է աշխատել, իսկ պատժախցում ոչ, որովհետև դա ևս մեկ սահմանափակման ձև է: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ նախկինում պատժախուց տեղափոխվող անձը մեխանիկորեն զրկվում էր հեռախոսակապից, իսկ հիմա ամեն մի դեպքում այն պետք է քննարկվի և որոշում կայացվի: Ըստ նրա, սա հնարավորություն կտա անհատական մոտեցում ցուցաբերել: Սա խրախուսանքի մի մաս է:

Lragir.am,
12-09-2019 13:12