Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում. Վարչապետ

12-09-2019 13:29

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ասաց, որ նախագիծը մոտ մեկ տարի քննարկվել է այս խմբագրությամբ, այսինքն՝ բավական երկար քննարկված հարց է: Նախագծի որոշ դրույթներ ավելի ուշ՝ մինչև 2024 թվականն են ուժի մեջ մտնելու: «Ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում: Որոշակի ահմանափակումներ են նախատեսված նաև հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում: Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ: Ես վստահ եմ, որ այս օրենսդրական փոփոխությունները հանգեցնելու են բնակչության շրջանում զանգվածային մշակութային փոփոխության՝ հարգելու միմյանց առողջության իրավունքը և գնահատելու առողջությունը: Եվ հիմա է հենց այդ ժամանակը, ուշացած է, բայց ավելի ուշացնել այևս չենք կարող, թե մենք ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին՝ առողջ և զարգացա՞ծ, թե հիվանդ ու դժվարություններ ունեցող»,- ասաց Թորոսյանը: Նա նշեց, որ ուզում է կոչ անել հանրային սննդի հաստատություններին՝ կամավոր կերպով որդեգրել առանց ծխի տարածքների քաղաքականությունն իրենց ռեստորաններում: «Մենք հենց հիմա ունենք նման ռեստորաններ, որոնք եկամուտների առումով ոչ մի խնդիր չունեն, հակառակը, իրենք երբեմն նստելու տեղ չեն ունենում»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդիրն այն է, որ որոշակի ժամանակ պետք է տալ  բիզնեսին, ինչը օրենքի նախագծով սահմանվում է: Նա նշեց, որ այս կառավարությունը ծխողների ամենաքիչ թիվ ունեցող կառավարությունն է: «Կառավարության անդամների 80 տոկոսը չեն ծխում: Եվ շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում, իրավապահ բլոկում չգիտենք ինչ վիճակ է: Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում: Կարծում եմ՝ սա  էլ կարևոր ցուցանիշ է, և ով, եթե ոչ մեր կառավարությունը նման որոշում պետք է ընդունի: Իմիջիայլոց արձանագրենք, որ մեծամասնությունը ծխող են եղել: Ես ինքս ծխել եմ երկար տարիներ և ի վերջո թողել եմ ծխելը»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
12-09-2019 13:29