Պուտինն ու Թրամփը զուգահեռ փոխում են Արցախի ուղղությունը

Միջազգային մամուլն ու փորձագետները շարունակում են աշխուժորեն քննարկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունը: Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Բոլթոնը թույլ է տվել մի շարք սխալներ եւ շատ հարցերում չի կարողացել պայմանավորվել աշխատակազմի այնպիսի մարդկանց հետ, որոնց ինքը եւս համարում է կարեւոր: Տպավորություն է, որ Բոլթոնին Թրամփը հեռացրել է «անհնազանդության» համար, թեեւ հնարավոր է, որ այդ մեկնաբանությունների ներքո նախագահը քողարկում է բուն շարժառիթները: Բոլթոնի պաշոնանկությունն անշուշտ ուշադրության առարկա է նաեւ Հայաստանի համար: Բոլթոնը Իրանի ուղղությամբ քաղաքականության «առաջամարտիկն» էր, իսկ Իրանի հարցը ռեգիոնալ լայն համատեքստ ունի: Այդ համատեքստում է նաեւ արցախյան ուղղությունն ու Կովկասի ստատուս-քվոն: Այդպիսով ստացվում է, որ Թրամփի որոշումով փոխվում է արցախյան ուղղությամբ զբաղվող պաշտոնյան: Արդյոք դա լինելու է անվտանգության հարցերի նոր խորհրդականը, որին Թրամփը խոստացել է հայտարարել հաջորդ շաբաթ: Թե՞ կփոխվի նաեւ այն կարգավիճակը, որին կհանձնարարվի արցախյան ուղղությամբ համակարգումը: Հատկանշական է, որ Բոլթոնի հրաժարականին զուգահեռ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Պուտինը փոխել է ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Կարասինին, որի գործունեության շրջանակում էր արցախյան ուղղությունը: Փաստացի ստացվում է, որ Պուտինն ու Թրամփը զուգահեռ փոխում են արցախյան ուղղության համակարգմամբ զբաղվող պաշտոնյաներին: Անշուշտ, հազիվ թե այս ուղղության վրա ընկած լինի որեւէ շարժառիթ, այդուհանդերձ հարց է, թե ինչ կփոխվի ԱՄՆ եւ ՌԴ քաղաքականության մեջ: Կամ կփոխվի՞ որեւէ բան ընդհանրապես, թե ոչ: Միեւնույն ժամանակ, արցախյան ուղղությամբ իրադարձությունների զարգացման տրամաբանության փոփոխությունը թերեւս ժամանակի հրամայական է, որովհետեւ մինչ այժմ եղած տրամաբանությունն ակնհայտ փակուղում է, իսկ փակուղին չի կարող լինել ստատուս-քվոյի կառավարման երկարաժամկետ ռեսուրս կամ մեթոդաբանություն: Անհրաժեշտ է նորը, որի փնտրտուքի մեջ են Մինսկի խմբի համանախագահ երկրները 2016-ի ապրիլից հետո:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-09-2019 14:49