ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. դատախազ

12-09-2019 15:33

Ռոբերտ Քոչարյանի գործող մեղադրանքը պաշտպանող դատախազները պնդում են, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը չպետք է փոխվի: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ ՍԴ որոշումը Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չի տալիս: “Դատարաններն արձանագրել են, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործողությունները չեն բխում նրա կարգավիճակից: Հետևաբար, առավել քան այս դեպքում 35 հոդվածում առկա օրենսդրական բացն այս իրավիճակում առհասարակ չկա”,- նշեց նա: Ըստ դատախազի՝ ունենք դեպք, երբ ՍԴ-ն արձանագրում է, որ վարույթը բացառող հանքամանքը Քրեական դատավարության օրենսգքրում նախատեսված չէ և ունենք դրա հետ մեկտեղ դեպք, երբ այդ վարույթը բացառող հանգամանքը այս գործով չկա: “Ինչքանո՞վ է ՍԴ որոշումն այս իրավիճակին վերաբերում: Հետևաբար, վերաբերելի չէ: Քննարկվող որոշմամբ ՍԴ-ն արձանագրելով, որ գործառութային անձեռնմխելիության հարցը որոշելու հատուկ ընթացակարգ առկա չէ, դա թողել է քննիչի, դատախազի և դատարանների լուծմանը: Եվ սույն գործով քննիչը, դատախազն ու դատարանները տարբեր անգամներ անդրադարձել են այդ հարցին և տվել համապատասխան գնահատական: Իսկ այդ գնահատականը հանգում է նրան, որ պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից: Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող: Հետևաբար, ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան, միջնորդում ենք պաշտապանական կողմից ներկայացված միջնորդությունը մերժել”.- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Lragir.am,
12-09-2019 15:33