Մենք ճանապարհային ցուցանակներ ենք տեղադրում, մարդիկ դրանք տանում ձյուն են մաքրում. Պապիկյան

12-09-2019 15:53

Ճանապարհաշինության կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելիս շատ մեծ նշանակություն ունի ցուցանակների, ճանապարհային նշանների, գծանշանների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որը ոչ միայն մեզ համար, այլև տուրիզմի զարգացման առումով կարեւոր է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ այդ հարցում խնդիր կա: «Մենք տեղադրում ենք ցուցանակները, խնդիրը լուծում ենք, բայց մեր անբարեխիղճ քաղաքացիները դրանք օգտագործում են այլ նպատակներով՝ ձյուն մաքրելու համար կամ որպես թոնրի կափարիչ: Ոստիկանությունը պետք է հետևողական լինի այս հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ լինում են դեպքեր, երբ տեսնում ես, որ ցուցանակները որպես թիրախ են օգտագործում և կրակում են վրան:

Lragir.am,
12-09-2019 15:53