2020 թվականին կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ

12-09-2019 15:57

Կառավարությունը 2019 թվականին նախատեսված 330 կմ-ից ավելի ճանապարհ կհիմնանորոգի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս պահին աշխատանքներն ընթանում են 307 կմ ճանապարհների հիմնանորոգման վրա, ևս 70 կմ ավարտված է: Դրանից զատ ունենք աշխատանքներ Երևան քաղաքում, որոնց մասին չենք խոսել: Աշխատանքներ, որոնք կատարվում են նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- ասաց նա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ այս տարվա ծրագիրն արդեն իսկ գերակատարելու են, և արդեն 2020 թվականից որոշ ծրագրեր տեղափոխել են 2019 թվականի ծրագրերի մեջ: «Մինչև 2023 թվականի մեր պլանն այն է, որ լինելու է նվազագույն 2500 կմ միջպետական և հանրապետական ճանապարհ, որտեղ կատարվելու են հիմնանորոգման, վերանորոգման ու միջին նորոգման աշխատանքներ: Դա չի ներառում «Հուսիս-հարավ» ճանապարհահատվածը: Այս տարի ռեկորդային թիվ ենք ունենալու ճանապարհաշինության ոլորտում»,- ասաց փոխվարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝  սա նշանակում է, որ հաջորդ տարվա համար պետք է նախատեսվի մոտ 500 կմ ճանապարհի հիմնանորոգում: «Սա բարձրաձայնում ենք, որ մեր շատ հայրենակիցներ, որոնք Ռուսաստանում, Ղազախստանում, այլ երկրներում այդ գործերով են զբաղվում, նորագույն տեխնոլոգիաների են տիրապետում՝ մասնակցեն մրցույթներին: Հետևաբար, պետք է երաշխավորենք, որ մրցույթներում կհաղթեն միայն այնպիսի ընկերություններ, որոնք տեխնիկապես ի վիճակի են աշխատանքը կատարել ժամանակին ու որակով»,- ասաց Վարչապետը:

Lragir.am,
12-09-2019 15:57