Պուտինը մոտեցել է Հայաստանին. ողբերգական տարելից

ՌԴ նախագահ Պուտինը ժամանել է Դաղստան, ինչի առիթ է համարվում այդ հանրապետություն հանդեպ ահաբեկչական խմբավորումների գրոհի հետմղման 20-րդ տարելիցը: Պուտինը ծաղկեպսակ կդնի զոհերի հիշատակին, կհանդիպի այդ տարիների այսպես ասած աշխարհազորի մասնակիցների հետ: Դաղստանի վրա ահաբեկչական խմբավորումների գրոհը եղել էր 1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Գրոհը իրականացվել էր Շամիլ Բասաեւի եւ Խատաբի գլխավորությամբ: Գործնականում, այդ գրոհը դիտարկվում է չեչենական երկրորդ պատերազմի սկիզբ: Այդ ողբերգական իրադարձությունները առանցքային նշանակություն ունեցան Ռուսաստանի պատմության համար: Դրանց զուգահեռ տեղի ունեցավ իշխանության փոխանցումը Ելցինից Պուտինին: Պուտինի առաջին ընտրությունը գործնականում տեղի ունեցավ «ահաբեկիչներին պետքարանում ոչնչացնելու» դրոշի ներքո: Իրավիճակը Հյուսիսային Կովկասում սակայն դեռ տեւական ժամանակ մնում էր անկայուն եւ անկանխատեսելի: 2004 թվականին նույն Շամիլ Բասաեւի գլխավորությամբ տեղի ունեցավ սարսափելի ահաբեկչական գործողությունը Բեսլանում, որտեղ սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները ներխուժեցին դպրոցներից մեկն ու պատանդ վերցրին ավելի քան 1000 մարդ՝ մեծ մասամբ երեխաներ: Երեք օր անց եղավ ողբերգական հանգուցալուծումը, իսկ ահաբեկությանը զոհ դարձավ ավելի քան 300 մարդ, որից մոտ կեսը՝ երեխաներ: Դա ՌԴ պատմության ամենամասշտաբային եւ արյունալի ահաբեկությունն էր: Այդ տարիների իրադարձությունները, չեչենական պատերազմները, հյուսիսկովկասյան այլ ռազմական բախումները, ահաբեկությունների շղթան թե Հյուսիսային Կովկասում, թե Ռուսաստանի այլ քաղաքներում արժանացել եւ արժանանում են ամենատարբեր վարկածների: Դրանցով ուղեկցվում էր Ռուսաստանի ցավալի անցումը հետխորհրդային ելցինյան շրջանից դեպի Պուտինի կառավարում: Պուտինին հաջողվեց կայունացնել իրավիճակը Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, թեեւ դրանք անշուշտ այսօր էլ գործնականում ական են Ռուսաստանի տակ: Այդ իմաստով Պուտինի այցը հատկանշական է, նկատի ունենալով, որ Ռուսաստանն ու մասնավորապես Պուտինը մոտենում են իշխանության խնդրի եւս մի բախտորոշ ժամանակաշրջանի: Այն դե յուրե սահմանված է 2024 թվականին, երբ ՌԴ նախագահը պետք է հրաժեշտ տա երկրորդ նախագահության երկրորդ ժամկետին, չունենալով նոր առաջադրման հնարավորություն, բայց արդեն իսկ այսօր նկատելի է այդ խնդրի շուրջ քննարկումների լայն ալիք, որ անկասկած տեղի է ունենում ոչ առանց Կրեմլի խթանման: ՌԴ նախագահն իշխանության խնդրի լուծման ուղիների ինտենսիվ որոնումների մեջ է այժմվանից: Իսկ այդ խնդրի լուծումն անկասկած ենթադրում է մարտահրավերներ, այդ թվում ներքին, հաշվի առնելով համակարգային տարբեր խմբավորումների տարաբնույթ շահագրգռությունները: Այդ ամենն առնվազն առաջացնում է հարց, թե կարո՞ղ է արդյոք կրկին որեւէ կերպ պայթել հյուսիսկովկասյան ականը, ինչը կործանարար կարող է լինել ոչ միայն ՌԴ, այլ նաեւ հարակից շրջանի համար: Միաժամանակ, այդ իմաստով ՌԴ համար վտանգները չեզոքացնելու հարցում էական դեր ունի Հայաստանը, որովհետեւ Կովկասում անվտանգության համակարգի կայունությունը, որի առանցքային գործոն է Հայաստանը, Ռուսաստանի համար ապահովում է թիկունքը Հյուսիսային Կովկասում: Աավել եւս այն պայմաններում, երբ Ռուսաստանին «կոկորդից բռնել» է Թուրքիան եւ կախվել է կամ փորձում է կախվել նաեւ Ադրբեջանը: Իսկ Մոսկվան տարիներ շարունակ փորձում էր իր անվտանգությունն ապահովել հենց նրանց հետ, հայերի շահերի ու անվտանգության հաշվին: Փոխվե՞լ են այստեղ ընկալումները ապրիլյան քառօրյայից հետո: Սա հարց է, որը չունի միարժեք պատասխան: Որովհետեւ Հայաստանի հաշվին Կովկասում դեր եւ տեղ ունենալու ՌԴ քաղաքականությունը այլ տեղ, քան Կովկասի կորուստ կամ անիմաստ «կղզիացում» Հայաստանում, չի տանելու: Իսկ այդ հարցը լուծելուց հետո Թուրքիան ու Ադրբեջանն անկասկած անցնելու են ականին՝ Հյուսիսային Կովկասին: Պուտինը, որի Հայաստան գալ-չգալու թեման մանրախնդիր տեղեկատվա-քարոզչական ալիքի առարկա է, կարեւոր իրողությունների 20-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդանշականորեն մոտեցել է Հայաստանին, որովհետեւ Հայաստանը էական նշանակություն ունի ՌԴ համար այդ խորքային խնդիրների կանխարգելման գործում: Հյուսիսային Կովկասի կայունության ռազմավարական հեռանկարը էապես պայմանավորված է Կովկասում ՌԴ նշանակալի դերով, ինչը հնարավոր է Հայաստանի շահերը հաշվի առնելու եւ դրանց շուրջ Հայաստանի հետ գործընկերային սկզբունքով աշխատելու շնորհիվ, ոչ թե Հայաստանի հաշվին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-09-2019 17:06