Դե տղամարդկություն ունեցիր, քո խստագույն պատիժը կրի. Մարտի 1-ի զոհի հայրը՝ Քոչարյանին

12-09-2019 17:11

«Տասը տարի, մեղադրյալ Քոչարյան, դու ու Սերժը մտերիմներ էինք, նույն հող ու ջրի մարդ էիք, ի՞նչն էր խանգարում, գոնե ձևականորեն ասեիր՝ այ Սերժ, արի գոնե ձևականորեն այս Մարտի 1-ի էջը բացենք և փակենք»,- այսօր Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ դատարանում Ռոբերտ Քոչարյանին դիմեց Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Ըստ Քլոյանի՝ գոնե ձևական մի քանի անձ պատիժ կրեր: «Գոնե ձևականորեն երկու պռապորշչիկի դատեիք, ասեիք՝ սրանք մեղավորներ են, սրանք են սպանել ձեր երեխաներին: Տասը տարի մատը մատին չեք տվել: Ասում եք՝ չեն բացահայտվել սպանությունները, բա դուք բացահայտեիք, տասը տարի դուք եք իշխանություն եղել»,- ասաց Քլոյանը: Նա ասաց, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ամեն ինչ տեսել է իր աչքերով: «Մարտի 1-ի երեկոյան ժամը 21:00-ն ես հավասարեցնում եմ 1941 թվականի Բրեստի գրավմանը: Չեք պատկերացնում՝ վերևից պատրոնները, շենքերի կտուրներից սնայպերները, ավտոմատները, հատուկ միջոցները կիրառել են ժողովրդի դեմ»,- ասաց Քլոյանը: Նա հավելեց, որ Մարտի 1-ի գործը ծածկադմփոց է արվել: «Ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ստացավ գեներալ-մայորի կոչում: Բազմիցս եղել եմ Վահագն Հարությունյանի մոտ, նա ինձ բազմիցս ասել է՝ էս գործը չի բացահայտվելու»,- հավելեց նա: Սարգիս Քլոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Մեղադրյալ Քոչարյան, դուք ասել եք՝ ես տղամարդ եմ: Իհարկե, տղամարդ ես, դե տղամարդկություն ունեցիր, քո խստագույն պատիժը կրի»:

Lragir.am,
12-09-2019 17:11