Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է կիբերհարձակումներից պաշտպանող նոր թիմի ձևավորման մասին

12-09-2019 18:15

Կիբերանվտանգության մասնագետները միավորվել են մեկ գաղափարի շուրջ և կիբերհարձակումներից պաշտպանելու նպատակով իրենց օգնությունն են առաջարկել քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին, փորձագիտական դաշտին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ու հավելել, որCiviCERT-AM թիմով որոշել են Հայաստանի կիբերանվտանգության ոլորտում նոր փուլ բացել: Թիմի անդամները դիմել են լրագրողներին, լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին, բնապահպաններին, քաղաքացիական ակտիվիստներին ու ընդգծել, որ եթե ենթարկվել են  որևէ կիբեր հարձակման,  կարող են կապ հաստատել իրենց հետ: Կիբերանվտանգության մասնագետները շեշտել են, որ կարող են օգնել, եթե կոտրել են մեյլը, արգելափակել են «Ֆեյսբուք»-ը կամ «Ինստագրամ»-ը, գողացել են հաշիվը, կայքը ենթարկել են հարձակման: Նրանք օգնություն են առաջարկել նաև այն դեպքում, երբ ամենապատասխանատու պահին կայքը չի բացվում: «Եթե կասկածում եք, որ DDoS կամ հաքերային հարձակում է, ձեր սոցցանցային հաշիվը զանգվածային հարձակման է ենթարկվել և արգելափակվել է, ձեր էլեկտրոնային հասցեն կոտրել են և այլն, ապա կարող եք դիմել մեզ»,-նշված է գրառման մեջ: CiviCERT-AM թիմի անդամներն են տեղեկատվական անվտանգության մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը, Վարդան Արզումանյանը, Անդրանիկ Վարդանյանը:

Lragir.am,
12-09-2019 18:15