Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսին

12-09-2019 19:05

Երևանում սեպտեմբերի 12-ին բացվեց «Արմենիա էքսպո-2019»-ի 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը շրջեց գրեթե բոլոր տաղավարներով և ծանոթացավ ներկայացված արտադրանքին: ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի մասնակից, քան 2018 թվականին: «Անցյալ տարի՝ հեղափոխությունից անմիջապես հետո, միջոցառմանը մասնակցում էր 110 մասնակից: Այսօր մասնակցում է 150 մասնակից 7 երկրից՝ Ռուսաստանի, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա և այլն: Այս ամենը փաստում է այն մասին, որ սկսվել է նաև տնտեսական հեղափոխության գործընթացը»,- ասաց Ղազարյանը: Նա նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են և՛ տեղական արտադրողներ, և՛  ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից: Տաղավարներից մեկում, որտեղ պայուսակներ էին ցուցադրված, Փաշինյանի միջոցով նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նվիրեցին դրանցից մեկը: «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն էլ ՀՀ վարչապետին նվիրեց մանկական «Գիտություն» հանրագիտարանը, որը 4 օր առաջ էր տպագրվել:

Lragir.am,
12-09-2019 19:05