Խղճի ազատությունն ու քարոզի իրավունքը. որտե՞ղ են սահմանները

12-09-2019 19:34

Արդյոք պե՞տք է թույլ տալ կրոնական կազմակերպություններին քարոզչություն իրականացնել հեռուստատեսության կամ ռադիոյի եթերում: Եթե այո՝ ապա ինչպե՞ս է դա կարգավորվում: Եթե ոչ՝ ապա ի՞նչ հիմքով: Ժամանակ առ ժամանակ հնչեցվող այս հարցադրումների հերթական առիթ դարձավ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության մի բիզնես նախագիծ, որով հեռարձակվում է Ավետարանչական եկեղեցու «Հայտնություն» հաղորդաշարը: Հաղորդումներից մեկում հնչել էին արտահայտություններ, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որակել էր որպես կրոնական անհանդուրժողականության ու խտրականության կոչեր և տուգանք նշանակել՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով: Այս ամենը լուսաբանվեց մամուլում, ընդ որում՝ կարծիքները հակասական էին. քարոզն առհասարակ արգելելու անհրաժեշտությունից մինչև այդ գործունեության առևտրայնացում: Ուստի փորձենք հստակեցնել մի քանի հարց: Նախ՝ քարոզը որպես այդպիսին ժողովրդավարական հասարակությունում չի կարող արգելվել. դա կոտնահարի մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ խոսքի ազատությունը: Կրոնական քարոզի արգելքն էլ կսահմանափակի մեկ այլ հիմնարար իրավունք՝ խղճի ազատությունը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կարևորագույն փաստաթղթերով: Հետևաբար, այդպիսի արգելքների մասին խոսք անգամ լինել չի կարող: Սակայն խղճի ազատություն ասելով՝ շատերը հասկանում են միայն Հայ առաքելական եկեղեցուն դավանելու ազատությունը, և հաճախ միայն Հայ առաքելական եկեղեցու քարոզչությունն է թույլատրելի համարվում, իսկ մյուս կրոնական կազմակերպություններինը՝ ոչ: Մինչդեռ՝ դա սովորական խտրականություն է: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հիշեցնում է, որ մեզանում քարոզ իրականացվում է հիմնականում Հայ առաքելական եկեղեցու կողմից: Ըստ նրա՝ այստեղից բնական հարց է առաջանում, թե ինչու մյուս կրոնական կազմակերպությունները չպետք է ունենան այդպիսի հնարավորություն: «Կրոնի ազատության հարցում հավասար իրավունքներ պետք է լինեն, այսինքն՝ այստեղ խնդիրներ կան, ես կուզեի, որ  հեռուստաընկերություններում քննարկումներ լինեին կրոնի շուրջ, նույնիսկ տարբեր կրոնների հետևորդներ քննարկեին, բանավիճեին, թե մեկը մյուսից ինչով է տարբերվում, բայց սա այլ խնդիր է, կրոնական քարոզչությունը՝ այլ: Ես դեմ կլինեի, որ աշխարհիկ պետության մեջ կրոնական քարոզչություն լիներ հեռուստաընկերություններում, բայց եթե մի կողմը կա, մյուս կողմն էլ պետք է ունենա հնարավորություն», – ասում է Ավետիք Իշխանյանը: Ավելին՝ նրա համար հասկանալի չէ, թե ինչու պետք է Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես կրոնական ուղղվածությամբ ալիք ունենա՝ «Շողակաթը»: Խնդիրն ունի մեկ այլ, շատ ավելի կարևոր կողմ՝ ինչ բովանդակություն ունի քարոզը: Կարծում ենք, «Ցայգ» հեռուստաընկերությամբ հեռարձակված հաղորդումն այսքան աղմուկ և նույնիսկ պատասխանատվության միջոցի կիրառում չէր առաջացնի, եթե Ավետարանչական եկեղեցու քարոզիչն իր խոսքում կրոնական անհանդուրժողականության ու խտրականության դրսևորումներ թույլ չտար: Իսկ սա որպես օրենսդրությամբ արգելված արարք պետք է բացառեն նախ իրենք՝ ցանկացած կրոնի սպասավորները, և իհարկե յուրաքանչյուր ոք, որը հրապարակային ելույթ է ունենում: Մինչդեռ, ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ հենց տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներն են իրենց խոսքում հատում թույլատրելի սահմանները: «Հաճախ ենք լսում քարոզչություն նույն Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կողմից, որտեղ ոչ միայն այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ է լինում խտրական վերաբերմունք, նույնիսկ վիրավորանք՝ նրանց կոչելով աղանդավորներ, այլև շատ այլ հարցերի՝ ընտանեկան բռնության, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հաճախ հնչում են վիրավորական և խտրական վերաբերմունքի կոչեր: Սա ինչպե՞ս պետք է վերահսկվի»,- հարցադրումները շարունակում է Ավետիք Իշխանյանը: Անշուշտ, եթե խոսքը հեռուստաեթերում տարվող քարոզի մասին է, ապա այս ոլորտում վերահսկողը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է: Որոշակի դեպքերում գործը կարող է հասնել անգամ դատարան: Բայց բարդություններից խուսափելու համար նախևառաջ ինքը՝ հեռուստաընկերությունը, պետք է հետևի, որ իր կողմից հեռարձակվող նյութերը համապատասխանեն օրենսդրությանը: Զերծ մնալով վերոնշյալ դեպքի մեկնաբանումից՝ Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշում է. «Հեռուստաընկերությունները պարտավոր են առաջնորդվել իրենց լիցենզիայի պայմաններով և գործող օրենսդրությամբ: Եթե խախտում են դրանք, ՀՌՀ-ն կարող է վարչական պատասխանատվության ենթարկել՝ էլի ըստ օրենքի, եթե համաձայն չեն, կարող են դիմել դատարան, վիճարկել: Եթե չեն խախտել այդ պայմանները՝ ինչ ուզեն կհեռարձակեն»: Այդուհանդերձ, եթե անդրադառնանք «Ցայգի» եթերում հեռարձակած հաղորդմանը, ապա հեռուստաընկերության այն փաստարկը, թե դա զուտ բիզնես գործարք է՝ վճարի դիմաց եթերաժամանակ է տրամադրվել, մեղմ ասած՝ համոզիչ չէ: Հեռուստաընկերությունն ուղղակի իրավունք չունի պատվիրատուին ասել՝ փողս տուր ու ինչ ուզում ես՝ եթեր հեռարձակիր, թեկուզ՝ օրենքով արգելված: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ, ԽԱՊԿ փորձագետ

Lragir.am,
12-09-2019 19:34