Պենտագոնի պաշտոնյան Հայաստանում. ինչ է առաջարկում ԱՄՆ-ն

Հայաստանն ԱՄՆ համար կարեւոր ռազմական գործընկեր է, Երեւանում արտաքին գործերի նախարարի, հետո պաշտպանության նախարարի հետ հանդիպումներում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Լորա Քուպերը, որը այց է կատարել Հայաստան: Այս տարվա հունվարին Վաշինգտոնում հայկական Բանակի օրվա առիթով ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությանը Քուպերը նշել էր, որ շուտով պատրաստվում է այցելել Երեւան ռազմական գործակցության զարգացման հարցերը եւ հնարավորությունը քննարկելու համար: 2018-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի քարտուղար Ջոն Բոլթոնը Երեւանում հայտարարել էր, որ ամերիկյան սպառազինության ձեռքբերման առաջարկ է արել Հայաստանի նոր իշխանությանը: Քուպերը ներկայում Երեւանում է, զուգահեռ Վաշինգտոնում պաշտոնանկ է եղել Բոլթոնը: Արդյոք Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան Երեւանում քննարկում է հայ-ամերիկյան ռազմա-տեխնիկական գործակցության կոնկրետ հարցեր, առարկայացնելով Բոլթոնի քաղաքական հայտարարությունը: Բոլթոնի հայտարարությունը վկայում էր նոր ռազմա-քաղաքական իրողությունների ուրվագծման մասին: Դրանք խորքային առումով սկսել էին Հայաստանում հեղափոխությամբ եւ դրանից հետո հայ-ռուսական հարաբերության գործընթացում օրգանական փոփոխությունների մեկնարկով, որի դրսեւորումներից էր վարչապետի հայտարարությունը հնարավոր պատերազմի համար Ռուսաստանի պատասխանատվության առումով: Այդ իմաստով հատկանշական է մոտ մեկ տարի անց իրավիճակի «ռեւիզիան», որ իրականացվում է հայ-ամերիկյան տիրույթում, Պենտագոնի պաշտոնյայի հայաստանյան այցի շրջանակում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-09-2019 19:58