Դու մենակ չե՞ս…

12-09-2019 21:00

«Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում…» Ե. Չարենց Առաջին հայացքից պատմության մեջ հեղափոխությունները տեղի են ունեցել բռնատիրական կարգեր հաստատած իշխանությունների, գաղութատերերի դեմ: Բայց դա միայն առաջին հայացքից, խորության մեջ պատկերը բոլորովին այլ է: Հեղափոխությունները ծնվում են, երբ առաջանում են ճգնաժամեր՝ սոցիալական, մշակութային, տնտեսական, հոգևոր, քաղաքական, ավելի գլոբալ դեպքում՝ քաղաքակրթական: Ճգնաժամն իր էության մեջ այն պատն է, որին բախվում է մարդկային գիտակցությունը: Երբ մարդը արևին, ջրին, կենդանիներին…  պաշտելուց ու այդքանով աշխարհը ճանաչելուց հետո ընկել էր հոգևոր ճգնաժամի մեջ, հեղափոխություն էր անհրաժեշտ. քրիստոնեությունը մարդուն ազատեց պաշտամունքի առարկաներից, և մարդը հասկացավ, որ Աստված իր մեջ է: Մշակույթը բազմաթիվ ճգնաժամեր է ապրել. երգահանն իր փնտրած նոտան չի գտել, քանդակագործը՝ իր ուզած ճկունության նյութը: Արվեստի ոճեր են մեռել, նորերն են ծնվել ու կատարելագործվել: Քաղաքականության մեջ իզմեր են ստեղծվել, հետո այդ իզմերը խառնվել են իրար՝ հիբրիդային միացություններ դառնալով, հիմա դրանք էլ կարծես սպառել են իրենց: Աշխարհը գնալով քաղաքակրթական ճգնաժամի է մոտենում, և այդ պրոցեսին մեծ արագություն է հաղորդում մարդկային միտքը: Ահա´ թե որտեղ են տեղի ունենում հեղափոխությունները: Մարդն իր կյանքում ուրիշ ոչնչի չի հասնում, և իր հետևից ուրիշ ոչինչ չի թողնում, քան իր միտքը, մենք պարզապես քայլող մտքեր ենք, դրանք կրում ենք մեր մեջ, անընդհատ կատարելագործում և փոխանցում հաջորդ սերունդներին: Մտքերը դառնում են թափառող շներ, վերջում էլ սովից, կամ մեքենայի տակ ընկնելուց սատկում են, եթե չունեն արժեքներ: Ազատության՝ մարդուն ի վերուստ տրված բարձրագույն արժեքի չունենալուց, սահմանափակված լինելուց են ծնվում բոլոր հեղափոխությունները, մարդն իր գիտակցության մեջ է բախվում պատին, ընկնում ճգնաժամի մեջ, և հետևաբար հեղափոխությունն էլ ամենից առաջ լինում է մտքի հեղափոխություն: Դու մենակ չես… Քայլում ես… Մի խումբ ընկերներ էլ քեզ հետ: Հետո մի պահ «հաջողության» (չակերտների մեջ որովհետև պարզ չէ, թե հաջողություն ասելով ինչ է հասկացվում) կհասնեք, ընկերները կշատանան, կհազարապատկվեն, ապա հիասթափությունների ալիք, բազմահազար ընկերները հերթով կամ խմբերով կլքեն, հետո գուցե պարզվի, որ նրանք ընկերներ էլ են չեն եղել: Մի խոսքով, այս ամենն այդքան էլ կարևոր չէ, քանզի մենակ չլինելը պայմանավորված է արժեքը կիսելով, և ոչ թե ջրիդ շիշը, կամ հեռախոսիդ լայվը պահելով: Հռչակված է հեղափոխություն, և ուրեմն վերջ, պիտի հաղթահարենք ճգնաժամը՝ խեղված արժեքները, նեխած մտքերը: Մյուս կողմից էլ՝ արի ու երեսուն տարի անկախ Հայաստանում ապրած, բայց անկախության արժեքը չմարսածին ամեն առավոտ դրոշի դերը բացատրիր, պետական շահը՝ սեփական շահից գերադասել սովորեցրու, անընդհատ բզի՝ թող բութ ուղեղները մտնի, որ պետական պաշտոն ստանձնելիս բան ու գործդ, հաճախ ընտանիքդ (քանի որ շատ գործ կա անելու մեր պետականության անմշակ դաշտում) պիտի երկրորդես, և ոչ թե պարծենաս, հղփանաս կարիերիստի քո նվաճումով: Ճաշի ժամին անկուշտներին բացատրիր, որ կաշառք (մի կտոր հաց, մի ղոչաղ կով, կամ մի մեծ տուն) չվերցնեն ոչ թե բռնվելու վախից, այլ այն գիտակցումից, որ դա մի մանուկի օրվա հացն է, մի անտունի գողացված երազը: Խորհրդավոր ընթրիքին էլ ժողովրդիդ կեղեքողների փոխարեն ինքդ ներողություն կխնդրես նրանց հարազատներից՝ լավ գիտակցելով, որ սեղանակիցներիդ մեջ դժվար թե գտնվի մեկը, ով իր ձեռքը կթաթախի պատասխանատվությունը կիսելու գինու գավաթում: Է՜, բարեկամ, ոնց որ թե գնալով մենակ ես մնում: Կամ երևի՝ այն գլխից ես մենակ եղել, այլապես անտառ ո՞ր մտնողն է կանչում. «Մենակ չե՜մ, մենակ չե՜մ»: Երբ որոշես փրկչի (հունարեն՝ Քրիստոս) դերից դուրս գալ, մարդկանց գիտակցությանը համոզիչ հասցնես, որ առանց քեզ էլ կառավարությունը ճիշտ ուղով է շարժվելու, երբ քաղաքացիների միջև խնդիր չառաջանա, թե ո՛ր ճամբարից են՝ սևերի՞, թե՞ սպիտակների, այլ երկրում եղած խնդիրներին վերաբերվեն իրենց ազատությունների և իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և ոչ թե վախենան արտահայտվել՝ ռևանշիստների բանակի զինվորը չկոչվելու համար, երբ ռազմավարական և տնտեսական դաշնակիցներ կհռչակես՝ ելնելով բացառապես մեր երկրի պետական շահից և ոչ թե նախկին ռեժիմների ապաշնորհ քաղաքականությանը գերի մնալով, երբ կհասնես նրան, որ երկրում կլինի մտքի հեղափոխությունը, միայն այդժամ, իրոք, Դու մենակ չես: Նախկինների մտածելակերպով նոր բան չես կառուցի, որքան էլ քաղաքական թիմում լինեն երիտասարդ կադրեր, բարձրագույն կրթություն ստացածներ, մինչ քեզ՝ կեղտոտվելու առիթ չունեցածներ, միևնույնն է հին համակարգը խժռելու, այլասերելու, իրարից օտարելու է բոլորին: Ամուլսարը վկա: Եթե մի տարի առաջ ժամանակը առաջ էր գնում, այսօր արդեն հետհաշվարկն է մեկնարկել: Չլինի, որ ժամանակին հայտարարված իմպիչմենթն այսօր քո դեմ դուրս գա: Այս ամենը ցավով եմ արձանագրում: Ցավի հետ հաշտվել կլինի, իսկ ժամանակավրեպ ճշմարտությունն իմաստ չունի: ՍՈՍ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պահպանողական կուսակցության անդամ

Lragir.am,
12-09-2019 21:00