ԵՊԲՀ հրավիրված գերմանացի պրոֆեսորները կիսվեցին ուռուցքաբանության հիմնահարցերին վերաբերող հաջողված փորձով

12-09-2019 21:17

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում այսօր մեկնարկեց «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմայով երկօրյա համաժողովը, որը կազմակերպվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի համագործակցության հուշագրի իրագործման արդյունքում: ԵՊԲՀ միջազգային գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, նշեց, որ Մյունսթերի համալսարանական կլինիկան ստեղծվել է նախորդ դարի կեսերին և կարճ ժամանակ անց դարձել է Գերմանիայի խոշոր առողջապահական կենտրոններից մեկը, որն ունի ավելի քան 7200 աշխատակից, իսկ կլինիկայի գիտնականների աշխատությունները ճանաչում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ ներդրում ունեն բժշկագիտության զարգացման գործում: Հաննովերի բժշկական դպրոցի գինեկոլոգիայի բաժնի ղեկավար, Կրծքագեղձի կենտրոնի ղեկավար Փիթեր Հիլլմանսի առաջին զեկույցը նվիրված էր ուռուցքաբանության հիմնահարցերից մեկին՝ քաղցկեղի կանխարգեմանն ու վաղ հայտնաբերմանը, այդ թվում՝ գինեկոլոգիական ուռուցքաբանությանը: Գերմանացի պրոֆեսորը, շնորհակալություն հայտնելով գիտական ու կլինիկական համագործակցության համար, նշեց` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը վերջին տասնամյակում կարևոր խնդիր է, ինչի արդյունքում Գերմանիայում 1971 թվականից իրականացվում են կանխարգելիչ ծրագրեր: «Հաշվի առնելով արգանդի վզիկի քաղցկեղի հաճախականությունը՝ առաջարկվեց սկրինինգի ազգային ծրագիր: Գերմանիայում կանայք ամեն տարի հանձնում են պապ քսուկ, որի ֆինանսավորումն իրականացվում է կառավարության և ապահովագրական ծրագրերի կողմից»,-ասաց գերմանացի պրոֆեսորը: Փիթեր Հիլլմանսը ներկայացրեց քաղցկեղի կանխարգելման ու վաղ հայտնաբերման համար Գերմանիայում կիրառվող մեթոդները: «Հասարակ մոտեցում է՝ վերցնում ենք պապ քսուկ, դրական արդյունքի դեպքում ուղարկում ենք օպտիկական զննման, ախտահարման դեպքում՝ բիոպսիայի, քաղցկեղի հայտնաբերման դեպքում պացիենտն ուղղորդվում է բուժման»,-հավելեց նա՝ ընգծելով, որ այս ծրագիրը շատ արդյունավետ է, քանի որ դրա իրագործման արդյունքում քաղցկեղով հիվանդների թիվը կտրուկ նվազել է: Գերմանացի պրոֆեսոր Հանս Քրիստիանեսնն անդարադաձավ Ճառագայթային ուռուցքաբանության մոտեցումների պահանջներին՝ ներկայացնելով Գերմանիայի հաջողված փորձը: Համաժողովը եզրափակեց Էռլանգենի համալսարանի պալիատիվ բժշկության պրոֆեսոր Քրիստոֆ Օսթգաթեն՝ «Պալիատիվ խնամքի միջդիսցիպլինար մենեջմենթ» զեկույցով: ԵՊԲՀ հրավիրված գերմանացի պրոֆեսորների մասնակցությամբ «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմայով համագումարը կշարունակվի սեպտեմբերի 13-ին: Անդրադարձ կկատարվի թոքի քաղցկեղի բուժմանը, կներկայացվեն կլինիկական դեպքեր, ինչպես նաև գերմանական կողմի հետ տեսակամուրջի միջոցով հայ ուռուցքաբանները, ռադիոլոգները, ախտաբանական անատոմները, մանկաբարձ-գինեկոլոգները, թոքաբանները, կրծքային վիրաբույժները, ախտաբանական անատոմները հնարավորություն կունենան անցկացնել հեռահար միջդիսցիպլինար ինտերակտիվ քննարկում՝ հայաստանյան ուռուցքաբանական դեպքերի վերաբերյալ:

Lragir.am,
12-09-2019 21:17