Պուտինիը հեռագիրը կարող էր նաև այդ պատճառով ուղարկած լիներ

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը Պարոն Արշակյան, հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելու է Հայաստան: Ի՞նչ կարելի է ակնկալել Պուտինի այցից՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք այսօր առկա են հայ-ռուսական հարաբերություններում: Մասնավորապես Միհրան Պողոսյանի հարցով ՌԴ դեսպանն ասել է, որ Ռուսաստանն իր մոտ չի պահում նրան, պարզապես անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման իրավական ընթացակարգ է: Արդյոք շտկվո՞ւմ են հայ-ռուսական հարաբերությունները: Եթե շտկում ենք համարում Ռուսաստանի կողմից Հայաստանից հեռանալը որպես գաղութարարի, կարելի է ասել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արվում են, Ռուսաստանն աստիճանաբար սկսում է հարգել Հայաստանին որպես գործընկերոջ: Սա վերաբերմունք է հեղափոխությանը: Այսինքն երբ Հայաստանում իշխանությունից վտարեցին Ռուսաստանի դրածոներին, և նա դա հանդուրժեց, թույլ տվեց, որ Հայաստանն ազատագրվի, հետևաբար, մենք պետք է հասկանանք, որ առաջիկայում պետք է լինի նաև տնտեսական ազատություն: Այդ իմաստով, իհարկե, Ռուսաստանը պետք է շտկի իր հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև Ռուսաստանն այսօր պատժված է աշխարհի կողմից, և աշխարհի կողմից մեկուսացած Ռուսաստանը փնտրում է դաշնակիցներ: Իսկ որպեսզի դաշնակից ունենա, պետք է հրաժարվի իր հին մոտեցումներից: Ենթական գաղութի կարգավիճակ ունի, գործընկեր պետությունն՝ այլ կարգավիճակ: Այդ իմաստով, կշարունակվեն հայ-ռուսական հարաբերություններում շտկումները, իսկ մանր-մունր գործերը, ինչպիսին են Միհրան Պողոսյանի կամ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հարցերը, դրանք մանրուքներ են և արդարադատության մակարդակով պետք է լուծվեն: Ես չեմ կարծում, որ այդ հարցերը պետք է քննարկվեն, ես չէի քննարկի, օրակարգ չէի մտցնի, եթե արարողակարգը ես կազմեի: Այնպես որ, եթե ՌԴ նախագահը գալիս է, ուրեմն շտկելու քայլեր պետք է անի: Հայաստանը պետք է ազատագրվի, Ռուսաստանը պետք է ազատի մեր երկիրը, բաց թողնի մեր երկիրն իր գաղութային ճիրաններից: Սա հեղափոխությունից հետո Պուտինի առաջին այցն է Հայաստան: Շատերը նշում էին, որ Պուտինը հրաժարվում է գալ Հայաստան, կամ պայման է դրել, որ եթե գա, անպայման պետք է այցելի Քոչարյանին: Այդ մակարդակով դատողություններ անող մարդկանց հետ կարելի է չքննարկել քաղաքական հարցեր: Այդքան կենցաղային հարցեր չի կարելի քննարկել: Քոչարյանն ո՞վ է, որ նրա պատճառով Ռուսաստանը հետաձգի իր առաջնահերթ քայլերը ԵՏՄ-ում: Վերջին հաշվով, այլ տեղ չեն էլ հրավիրում Պուտինին: Հարմար առիթ է միջազգային այցելության համար, միջազգային մակարդակի հարցեր քննարկելու համար: Հիմա ինչ-որ կալանավորի համար նա պետք է հետաձգի իր այցելությունն արտասահմա՞ն: Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Պուտինը շնորհավորում է Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ: Մոսկվայից հեռագիր ուղարկելը, կարծում եմ՝ թյուրիմացություն է, արարողակարգից եկող: Նրանց մոտ ցուցակ կա նախագահների, գուբերնատորների, և ծննդյան տոներին, ազգային տոներին ավտոպիլոտով շնորհավորանքները հղում են: Սա բոլորովին այլ բան է: Եթե նույնիսկ Պուտինը դա իմացել ու արել է, էստեղ գալով պետք է երևի Նիկոլ Փաշինյանին ասի՝ դե լավ, ոչինչ, մի բան էլ ես եմ արել, սխալվել եմ: Պետք է ասի՝ ուշադրություն մի դարձրու, նեղության մեջ է մարդը, մխիթարել եմ: Բացառված չէ, որ ինքը ենթադրում է, որ Ռուսաստանում էլ եթե հեղափոխություն լինի, ինքն էլ կարող է շնորհավորանքների կարիք զգա: Չմոռանանք, որ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը մեծ Ռուսաստանի մանրակերտն է: Դա ռուսական իմպերիայի քրեաօլիգարխիկ համակարգի պատճենն էր այստեղ: Բայց Մոսկվան հիմա դրա մասին էլ է մտածում, ասում է՝ իսկ եթե ռուսները ոտքի կանգնեցին, իմ կարգավիճակն ի՞նչ է լինելու: Այնպես որ, հեռագիրը կարող էր նաև այդ պատճառով ուղարկած լիներ: Պուտինի այցը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների շտկման գործում: Ես կարծում եմ, որ այդ հարաբերությունների կարգավորման իմաստով դա Պուտինի ցանկությունը չէ, որ ինքը ճանաչում է Հայաստանի ինքնիշխանությունը գոնե այս մակարդակով: Դա նրան պարտադրվել է: Սանկցիաների միջոցով քաղաքակիրթ աշխարհը և աշխարհի հզորները, որոնք կարողանում են պատժել խուլիգան երկրին, պայմանավորվածությունները խախտող երկրին, հիմա Ռուսաստանին պարտադրում են լինել Հայաստանի հետ հարգալից: Այնպես որ, եթե սենտիմենտալ լիներ, Պուտինը կգար Հայաստան, և նրան կդիմավորեին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Յուրա Խաչատուրովը, նաև Միքայել Հարությունյանը՝ ձեռք-ձեռքի տված, ոչ թե Փաշինյանն իր մի քայլով: Այսինքն նրան պարտադրվել է: Մենք դեռ չգիտենք, թե ինչ աստիճանի է պարտադրված այստեղ բարեհամբույր լինելը և ընծաներ բերելը: Գուցե դա էլ է պարտադրված: Վերջիվերջո, Ուկրաինայում գերիների փոխանակումը պարտադրված մարդասիրություն էր, հիմա այստեղ էլ կարող է լինել պարտադրված մեծահոգություն: Կարո՞ղ ենք փաստել, որ այս այցով առաջին անգամ Հայաստանը Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ է հաստատում: Այո, այս այցելությունն արդեն իսկապես արտասահմանյան այցելություն է: Նա կուզենա, որ այս այցը իր թիմի համար, որը դեռևս արմենաֆոբ ու շովինիստ է, նրանց համար նշան է լինելու, որ այսուհետև Հայաստանի հետ եղեք հարգալից: Քանի որ Պուտինն իր երկրում էլ արդեն բացարձակ իշխանություն չունի, հետևաբար չի կարող հրամանով ասել՝ սիրեք Հայաստանին, Հայաստանը մեր եղբայրական երկիրն է, որովհետև այնտեղ էլ հակասական շահեր կան, իրեն չենթարկվող ուժեր կան ազդեցիկ: Այս այցելությունը այդպիսին կլինի, նա իր յուրայիններին կհասկացնի, որ պետք է Հայաստանի հետ լինել հարգալից:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
12-09-2019 21:44