ՔԿՀ վարչակազմի գործառույթները շատ հաճախ կատարում էին «զոն նայողները»

Lragir.am-ի հարցերին պատասխանել է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը Տիկին Հարությունյան, Դիտորդական խումբն այս օրերին ուսումնասիրում էր քրեակատարողական հիմնարկներում սեպտեմբերի 5-ին արձանագրված անհնազանդության դրսևորումների պատճառները: Պաշտոնապես հայտնի է, որ հարուցվել է քրեական գործ, բայց անհնազանդության ակցիայի պատճառների մասին պաշտոնական պարզաբանումները շատ քիչ են, չնայած հայտնի է, որ ընդզվումը կապված է քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենսդրության հետ: Ի՞նչ եք պարզել այս օրերին: Այո, անհնազանդությունը պայմանավորված է եղել վերջերս կատարված օրենսդրական փոփոխություննեի հետ: Մասնավորապես, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համար համապատասխան փոփոխություններ եղան Քրեական օրենսգրքում: Դա առաջացրեց ընդվզում, ինչը մասամբ սպասելի էր, որովհետև երևույթի դեմ պայքարը տրամաբանորեն նաև ենթադրում էր դրա դեմ ըմբոստության որոշ դրսևորումներ: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: Բարեբախտաբար կարճ ժամանակահատվածում քրեակատարողական վարչության և նախարարության կողմից կատարվել են համապատասխան գործողություններ, կարողացել են նրանց հանգստացնել և պահել վերահսկողության տակ: Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, չենք կարող կանխատեսել: Բայց սպասվո՞ւմ են այլ ընդվզումներ: Ես չեմ բացառում, որ կկրկնվի, բայց չենք էլ կարող հստակ ասել: Ո՞րն է նրանց պահանջը, պահանջում են, որ պայքար չմղվի՞ քրեական ենթամշակույթի դեմ, որ այպես կոչված «զոն նայողները» շարունակե՞ն «զոն նայել»: Պահանջի մասին որոշակիություն չկա: Պարզ է միայն այն, որ օրինագծի և հայտարարված պայքարի նկատմամբ կա որոշակի անվստահություն և անհամաձայնություն: Այն գործառույթները, որոնք երկար ժամանակ պետք է իրականացվեին քրեակատարողական հիմնարկների վարչակազմի կողմից, իրականացվել է հենց այդ մշակույթի կրողների առանձին խմբերի կողմից, ովքեր որոշակի արտոնություններ ու առավելություններ են ունեցել և այս գործառույթները վերցրել են իրենց վրա: Հիմա ամեն ինչ բերվում է օրինական դաշտ, բնականաբար, սպասվում էր նման վիճակ: Ես ուզում եմ մեկ բան ընդգծել՝ պայքարը, կլինի դա օրենսդրական մակարդակում, թե պրակտիկայում ցանկացած գործողության միջոցով, պետք է լինի օրինականության սահմաններում: Նկատի ունեմ, որ մարդու իրավունքի որևէ խախտում չպետք է թույլ տրվի՝ անկախ նրանից, թե դիմացինն ինչ խմբի հետևորդ կամ ինչպիսի հայացքների կրող կլինի: Այսինքն՝ այստեղ մենք շատ լուրջ անելիքներ ունենք: Պետությունը, նախարարությունը, որը ստանձնել է այս փոփոխությունները, պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի պայքարը լինի օրինականության սահմաններում: Ցանկացած իրավունքի խախտում, տվյալ դեպքում, ազատազրկված անձանց իրավունքի խախտում մենք չպետք է ունենանք: Ձեր դիտորդական գործողությունների արդյունքում ի՞նչ եք արձանագրել, քրեական ենթամշակույթի առումով շատ վա՞տ է ՔԿՀ-ներում վիճակը: Մենք պարբերաբար՝ սկսած մեր տարեկան զեկույցներից, այդ թեմային անդրադարձել ենք: Խոսել ենք երևույթի առկայության մասին և դրա բացասկան ու վնասակար հետևանքների մասին, ինչն առաջացնում է մի շարք կործանարար հետևանքներ: Այն, ինչ կատարվում է, դուրս է օրինականության դաշտից, որովհետև այն կանոնները, մոտեցումները, որոնցով առաջնորդվում են, հարցերի ու ներքին հարաբերությունների լուծումն է իրականացվում, դեմ է օրենսդրական կարգավորումներին: Եվ փաստացի ՔԿՀ վարչակազմը շատ հաճախ իր գործառույթները չի իրականացնում, դրա իրականացումը վստահված է այդ մշակույթի կրողներին, առանձին խմբերի: Միայն օրենսդրական փոփոխությունները բավարա՞ր են այս խնդիրները լուծելու համար, թե՞ այլ քայլեր էլ պետք է արվեն: Օրենքի նախագծի առանձին դրույթների մասին Դիտորդական խումբը գրավոր կարծիք է ներկայացրել: Նախագծի նախնական տարբերակը, որը տարածվեց, խնդիրներ ուներ իրավական որոշակիության հետ կապված: Երբ մենք նման լուրջ քայլ ենք կատարում և պայքար ենք սկսում նման դաշտում, ցանակացած օրենսդրական նախաձեռնություն պետք է հնարավորինս կոնկրետ և հասկանալի ու պարզ լինի նաև կիրառողի համար: Թե որքանով այդ ամենը պրակտիկայում կիրականացվի, ժամանակը ցույց կտա: Բայց օրենսդրական մակարդակից զատ, մենք շատ անելիքներ ունենք նաև պրակտիկ միջոցառումների դաշտում: Պայքարն ինքնին համալիր պրոցես պետք է դիտարկել, համալիր գործողությունների ամբողջություն, որտեղ օրենսդրական փոփոխությունների իրականցումը միայն առաջին քայլը պետք է լինի և ուղեկցվի շարունակական պրակտիկ գործողություններով: Իսկ այդ պրակտիկ գործողությունները հետևյալն են, օրինակ, անձնակազմի կարողությունների զարգացում, սոցիալական, ֆինանսական երաշխիքների բարձրացում, ազատազրկված անձնաց սոցիալականացման, ռեաբիլիտացիայի ակտիվ ու արդյունավետ ծրագերրի ներդրում և այն:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
13-09-2019 22:46