Միքայել Մինասյանը շտապեց հանդարտեցնել կրքերը

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը վերջին շրջանում նկատելի աշխուժությամբ արտահայտվում է ներքին իրողությունների եւ հետհեղափոխական իրավիճակի հեռակարների վերաբերյալ, նոր հայտարարությամբ պարզաբանել է օրերս տարածված իր մեկնաբանությունները: Մինասյանի մեկնաբանություն-հարցազրույցը հաջորդել էր Ադեկվատ կուսակցության հայտարարությանը, ըստ որի Միքայել Մինասյանն է ընդդիմությունը առաջնորդելու ամենապատրաստված թեկնածուն: Դրան հաջորդած տեսահարցազրույցը ակնարկ էր, որ նա առնվազն դեմ չէ խորհել այդ մասին: Հատկանշական էր սակայն այն, որ այդ իրողությանը բավական արագ արձագանքեց թե Ռոբերտ Քոչարյանի թիմը, թե Հանրապետականը: Եվ հատկանշական է, որ երկու արձագանքն էլ ուներ մեկ տրամաբանություն՝ անհամաձայնություն Մինասյանի ընդդիմադիր առաջնորդությանը: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ վաղ է առաջնորդներ փնտրել ընդդիմության համար, իսկ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության փոխախագահ Արմեն Աշոտյանը հրապարակեց հոդված, որտեղ հայտարարում էր, որ առանց Հանրապետականի որեւէ մեկը չի կարող ապահովել ընդդիմադիր մոբիլիզացիա: Իսկ Մինասյանի գնահատականում հատկանշական էր այն, որ ընդդիմադիր դաշտում գերակշռողը ներկայում «ռեւանշիզմն» է: Եվ ահա, նոր պարզաբանումով Մինասյանը որոշակիորեն փորձում է հանդարտեցնել իր ելույթով նախկին իշխող համակարգի տարբեր թեւերում դժգոհությունը: Նախկին դեսպանը հայտարարել է, որ քանի դեռ իշխանությունը կռվում է անցյալի հետ, անցյալի բոլոր առաջնորդներն էլ ունեն վերադարձի իրավունք: Գործնականում նա իհարկե լավ է պատկերացնում, որ իրավունք անշուշտ ունեն, բայց այդ իրավունքը չունի որեւէ գործառնական հեռանկար քաղաքական իմաստով: Ըստ այդմ, ինչու առաջացնել ավելորդ լարում, երբ այդ առաջնորդներին խժռում է իրենց իսկ վերադարձի իրավունքը, երբ արվում է այն օգտագործելու որեւէ փորձ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
15-09-2019 11:13