Բաքուն Հայաստանին առեւտուր է առաջարկում. Բրայզայի սկանդալային հայտարարությունը

Բրայզան Բաքվում. «Բաքվի նման քաղաք չկա» Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման առաջարկը, բայց ժամկետները դեռ չեն հրապարակվում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Բաքվում հանդիպումից առաջ նյարդայնության նշաններ են: Այս մասին վկայում են Բաքվի կողմից բազմիցս օգտագործված փորձագետները, որոնք նորից փորձում են կենդանացնել «դիակը»: Հին աղվես Մեթյու Բրայզան, որը ժամանակին Մինսկի խմբի համանախագահ էր ԱՄՆ-ից, իսկ հետո ԱՄՆ չկայացած դեսպան Ադրեբջանում, հայկական թերթերից մեկի հետ զրույցում ասել է, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտ էր ճեղքմանը ղարաբաղյան կարգավորման գործում, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Ճեղքում կարող էր լինել նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Ապրիլյան պատերազմից հետո Պուտինը հետաքրքիր տարբերակ էր առաջարկել, բայց տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, ասում է Բրայզան: Նա նշում է, որ նույնն էլ հիմա է տեղի ունենում: «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով վստահություն կա Փաշինյանի մտադրությունների նկատմամբ, բայց մտավախություններ կան, որ Փաշինյանը չի կարողանա կոնսոլիդացնել հանրությանը, քանի որ նախկին համակարգն իր դեմ է աշխատում: Կարծում եմ՝ հենց այդ ճնշումն է դանդաղեցրել բանակցությունների գործընթացը», – ասում է ամերիկացի դիվանագետը: Բրայզան ի՞ր կարծիքն է հայտնում, թե նրա մտքերը պայմանավորված են Ադրբեջանի ղեկավարության հետ: Բրայզայի ադրբեջանական ու թուրքական լոբբինգն այնքան ակնհայտ էր, որ ԱՄՆ Կոնգրեսը ժամանակին նրան չի հաստատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Բրայզան արեւելյան առեւտրի մեջ է մտնում. եթե Հայաստանը ցանկանում է Արցախը վերադարձնել բանակցայի սեղան, հարկ կլինի ինչ-որ բանով վճարել: Ինչո՞վ է Հայաստանը պատրաստ վճարել, հարցնում է Բրայզան: Օրերս Բաքուն երկու բացասական պատասխան է ստացել Հայաստանից իր համար կարեւոր երկու հարցերով: Երկու ահաբեկիչների, երկու մանկասպանների փոխանակումը մոլորված մարդկանց հետ այնքան էլ իրավաչափ չէ, հայտարարել է Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է Արցախի բանտում գտնվող երկու ադրբեջանցիների փոխանակումը մեր հայրենակիցների հետ, որոնք հայտնվել են ադրբեջանական գերությունում: «Սա խնդրի մի կողմն է, կա մյուս կողմը, իսկ ո՞վ է ասել, որ իրենք համաձայն են այդ երկուսին փոխանակել բոլորի հետ, կամ էլ թողնեն, որ գնանք «Արաբո» ջոկատի տղաների շիրիմների տեղը որոնենք: Այս երկրորդ մասով հազար անգամ իրենց հետ քննարկում եղել է, հազար անգամ առաջարկել ենք, որ դուք էլ ունեք անհետ կորածներ, մենք էլ ձեզ կարող ենք թույլ տալ եւ այլն»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր գործընկերության մասին հայտարարությունները, որոնք Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հնչեցրել է Երեւանում: Բորիսովն ասել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ-ը մշտապես ողջունելու է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների հետ համագործակցությունը: «Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը: Մասնավորապես դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների միջազգային վեճարի ու հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Գործընկերներին նաեւ պայման է առաջադրվում հարեւան երկրների հետ տարածքային վեճերի բացակայության վերաբերյալ», – ասել է Նաղդալյանը՝ ավելացնելով, որ առանց Հայաստանի համաձայնության դա տեղի չի ունենա: Անմիջապես հետեւել է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը, որը հիշեցրել է «ինքնիշխանության վերականգնման իրավունքի» մասին: «Պարոն Փաշինյանը նաեւ պետք է պարզաբանի, որ ազգային-սադրիչների ճնշման տակ բանակցային գործընթացից դուրս եկող կողմը միանշանակ պարտվող է լինելու: Այդ պատճառով նա այլ ելք չունի, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ պայմանավորվելը: Նորից հիշեցնում ենք հայկական կողմին, որ .. եթե Հայաստանը չկատարի այս դրույթի պահանջները, Ադրբեջանը կվերականգնի իր ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում՝ հղում անելով ՄԱԿ Կանոնակարգի 51-րդ հոդվածին», – ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: Փաստորեն Բաքուն, այդ թվում՝ Բրայզայի եւ ուրիշների միջոցով փորձում է Հայաստանում պառակտում մտցնել Արցախի հարցով՝ հղում անելով «ազգային սադրիչներին» եւ զուգահեռաբար առեւտուր առաջարկելով՝ գերիների փոխանակում եւ այլն: Բացի այդ, իբր ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու ցանկություն հայտնելով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին հանել ՀԱՊԿ-ի դեմ: Այս փորձերը վկայում են, որ այլ հարթակներում Բաքուն իր շահերն առաջ տանելու հնարավորություններ չի տեսնում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
15-09-2019 11:54