Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում

15-09-2019 14:00

Տարվա իրավատոնը՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը մեկնարկեց այս շաբաթ օրը, Երևանում ՝ «Ես կին եմ» թատերական ներկայացմամբ: «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպվող փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 14-20-ին, Երևանում  և Վանաձորում՝ «Ես էլ եմ այստեղ» խորագրով: Հանրային, մշակութային միջոցառումների միջոցով մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը  բարձրացնելու,  նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակի նպատակ ունեցող փառատոնի այս տարվա շրջանակներում տեղի կունենան թատերական ներկայացումներ, մարդու իրավունքի զրույցներ, Վիքիպեդիա Խմբագրաթոն, սթրիթ-արթ, վազքի մարաթոն, տոնական համերգ: Փառատոնը մեկնարկեց կազմակերպության պատրաստած՝ ատելության խոսքի, դրա վտանգների ու կանխարգելման մեխանիզմների մասին պատմող տեսահոլովակով: «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը փառատոնի բացման խոսքում  նշեց, որ փառատոնն այս տարի նվիրված է ատելության խոսքի կանխարգելմանը: «Այսօր մարդկանց, խմբերի, վարքագծերի կամ գաղափարների միջև առկա տարակարծութունները հաճախ հանգեցնում են ատելության խոսքի տարածմանը, որը դրդում, խրախուսում կամ արդարացնում է անհանդուրժողականությունն ու անհանդուրժողականության վրա հիմնված ատելությունը: Մինչդեռ պետք է մշտապես հիշել՝ հասարակությունը, որում ապրում ենք, բազմազան , անկախ մեր ընկալումներից մեզ շրջապատող մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց հայացքները, մոտեցումները, ապրելակերպն ու համոզմունքները: Ուստի՝ ոչ ոք չի կարող հղում կատարել իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին և բորբոքել ատելություն կամ քարոզել բռնություն»,-ասում է Բաղդասարյանը: Փառատոնի պաշտոնական բացման արարողության հյուրերի շարքում էր նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հիմնադիր Գայանե Աբրահամյանը: Պատգամավորն իր խոսքում կարևորեց փառատոնի այս տարվա խորագիրը՝  նշելով, որ ատելության խոսքի դեմ պայքարը անհետաձգելի գործողություններից է ու առաջիկայում այս ուղղությամբ հստակ փոփոխություններ կարվեն: «Շատ կարևոր է, որ այս տարի ընտրվել է հենց ատելության խոսքի թեման, քանի որ ատելության խոսքը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ սպառնալիք է դարձել: Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և մարդու իրավունքների կոնվենցիան դրա սահմանափակման հստակ սահմանում է տալիս՝  ներառելով հենց ատելության խոսքը: Իրավունքի այս տոնի ընթացքում ամեն մասնակից, եթե իր իրավունքներից գեթ մեկն էլ սովորի, արդեն իսկ կարող ենք համարել կարևոր ձեռքբերում»,-ասաց Աբրահամյանը: Այնուհետև բեմը տրամադրվեց «Թատրոն ութ» թատերախմբի երեք դերասաններին՝ Ժաննա Հովակիմյանին, Մարիանա Եղիազարյանին, Անի Գևորգյանին, որոնք ներկայացրին հոգեբանական ծառայություն դիմած երեք կնոջ կյանքի պատմության վրա հիմնված սցենարով ներկայացումը․ 3 կին, 3 տարբեր՝ շատ ծանոթ պատմություններ, 3 չստացված ճակատագրեր, որոնք բեմից խոսում են քեզ հետ: Բոլորն էլ հիշում են իրենց ծննդավայրը, ծնողների ու մասնավորապես հոր կերպարը և վերջապես՝ շրջապատի կարծիքը: Ամենամոտ ու հեղինակավոր՝ հարազատներից մինչև անմիջական շրջապատ, սրանք են այն որոշիչ գործոնները, որ կարող են կործանել յուրաքանչյուրին: Հենց այդպես էլ լինում է: Բեմադրության ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է: Բեմադրությանը հետևեց քննարկումը՝ դերասանների և հանդիսատեսի միջև: Փառատոնի ծրագրերի համակարգող թիմի անդամ Անուշիկ Ռշտունին ներկայացնելով փառատոնի հաջորդիվ օրերի օրակարգը՝ նշեց, որ երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, Վիքիմեդիա Հայաստան / Wikimedia Armenia ՀԿ-ի գրասենյակում տեղի կունենա Խմբագրաթոն, որի ընթացքում մեր կամավորները Հայերեն Վիքիպեդիայում կխմբագրեն և կհրապարակեն մարդու իրավունքների վերաբերյալ 16 հոդվածներ: Իսկ երեկոյան՝  18:00-ին «Մարդու իրավունքների զրույցի» ձևաչափով ոչ ֆորմալ հանդիպում կլինի ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ: Արդեն երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ից փառատոնը կշարունակվի Վանաձորում: Վանաձորյան միջոցառումների մեկնարկը կտրվի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ժամը 19:00-ին՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ: Սեպտեմբերի 18-ի, ժամը 15:00-ին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցու հետ քննարկվելու են մարդու իրավունքները հայ գրականությունում, մասնավորապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում: Իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին ինտերակտիվ թատերական ներկայացում տեղի կունենա ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում: Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 19:30-ին,Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում կայանալիք «Ռոքը հանուն իրավունքների» բացօթյա համերգով, որի ժամանակ նույն բեմում հանդես կգան հայտնի ու սիրված Լավ էլի և Բամբիռ ռոք խմբերը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, սակայն «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կայքում և ֆեյսբուքյան էջում բացված միջոցառումներում կարող եք գտնել հայտեր, որոնք հարկավոր է լրացնել: Փառատոնի մասին բոլոր մանրամասները՝ այստեղ: Նշենք, որ 2018 թվականին փառատոնը տեղի է ունեցել Երևան և Գավառ քաղաքներում՝  «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով (մանրամասներն՝ այստեղ և այստեղ):

Lragir.am,
15-09-2019 14:00