Կայացավ «Մատնաչափիկ» ներկայացման պրեմիերան

15-09-2019 14:11

90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբը ազդարարեց պրեմիերայով: Սեպտեմբերի 14-ին կայացավ «Մատնաչափիկ» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի, որի բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն է: Հանդիսատեսի շարքերում նստած փոքրիկները մեծ ոգեւորությամբ հետեւեցին գունեղ եւ հետաքրքիր երաժշտական ներկայացման ընթացքին, իսկ վերջում բարձր ծափահարություններ նվիրեցին սիրելի հերոսներին: Տարին հոբելյանական է թատրոնի համար եւ սա միակ նորությունը չէ: Առաջիկայում բեմ կբարձրանա հայ դասական Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա արված դրաման (բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան), իսկ Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» հանրահայտ պիեսը նորովի կներկայացվի բեմադրիչ Ռաֆայել Գրիգորյանի ռեժիսուրայով: Հոբելյանական տարին աչքի կընկնի նաև թատրոնի 90-ամյա ուղին ներկայացնող գրքի շնորհանդեսով ու տոնական այլ միջոցառումներով: ՊՀԹ-ի մամուլի ծառայություն

Lragir.am,
15-09-2019 14:11