Նոր մոտեցում լեռնահանքային արդյունաբերությանը և Փաշինյանի ճակատագրական սխալները

15-09-2019 15:56

Մաս 2. Հիմնական սխալների վերլուծության շարունակությունը Շարադրում ենք հրատարակված հոդվածի (https://www.lragir.am/2019/08/30/470996/)  շարոնակությունը: Նախորդ հոդվածում նշվել էր, որ մերիտոկրատիայի (արժանիների ու բանիմացների իշխանության) անտեսումը հրեշավոր սխալ է Փաշինյանի կառավարման մեջ: Տվյալ 2-րդ մասում մենք շարունակում ենք վերլուծել Փաշինյանի սխալները կառավարման և տնտեսության մեջ: Նիկոլը քանդեց կառավարման հին համակարգը և փոխարինեց այն վատագույնով Կետ 3.1՝ հին համակարգի ոչնչացումը, որն, այնուամենայնիվ, աշխատում էր: Ինչ արեց Փաշինյանը կառավարման առումով: Նա փոխարինեց իշխանության, կոռուպցիայի վրա հիմնված, հին համակարգը: Շնորհակալություն նրան դրա համար: Նախկինում մենք ունեցել ենք հրեշավոր իշխանություն: Երկիրը կառավարվում էր, քանի որ կար գլխավորը՝ ողնաշարը: Իսկ ողնաշարը կոռուպցիայի համակարգն էր, թալանի ու երկրի հարստության վերաբաշխման համակարգը: Մինչդեռ այդ համակարգում յուրաքանչյուր պաշտոնյա գիտեր իր տեղն ու խնդիրը, որը նա սպասարկում էր: Ուստի, համակարգն աշխատել է՝ աշխատել է վատ, բայց աշխատել է: Կետ 3.2՝ Նիկոլի նոր համակարգը, որը չի աշխատում: Հին կոռումպացված համակարգի պաշտոնյաներին Նիկոլը փոխարինել է պակասամիտ պաշտոնյաներով, որոնք ի վիճակի չեն տարբերել գլխավորը երկրորդականից: Նման պաշտոնյաները, չունենալով իրենց գաղափարները, ստիպված են համագործակցել հին կոռուպցիոներների հետ և, համապատասխանաբար, սպասարկել այդ հին կոռուպցիոներների «պատվերները»: Դա շատ լավ երևում է գիտության օրինակով: Արդյունքում նոր պաշտոնյաներն ու հին կոռուպցիոներները, ձեռք ձեռքի տված, ոչնչացնում են Հայաստանի ապագան՝ որպես ամենակուլ մորեխ: Կետ 3.3՝ ինչ պետք է աներ Նիկոլը, բայց չարեց: Վաղուց է նկատված՝ նույնիսկ «վատ» իշխանությունը, որն աշխատում է ինչ-որ սխեմայով, ավելի լավ է կառավարում, քան «լավ» իշխանությունը, որն աշխատում է առանց սխեմայի: Մեր իրականությունը հաստատում է դա: Փաշինյանական նոր ժամանակաշրջանում հայտարարվեց, որ կոռուպցիա չի լինելու:  Գերազանց է: Սակայն դա նշանակում է, որ կոռուպցիայի վրա հիմնված հին ողնաշարը չկա, այն պետք է ինչ-որ բանով փոխարինել: Դա, իր հերթին, նշանակում է, որ պետք էր սկզբում տեսլական (գաղափարներ) մշակել յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար և ստեղծել համապատասխան մասնագիտական կառույցներ ու ինստիտուտներ՝ ներքին և փոխադարձ վերահսկողությամբ: Որևէ տեսլականի մասին չի ասվել, նախարարներից ոչ մեկն իր տեսլականը չի հայտնել: Ոչ մի համակարգ չի մշակվել, ոչ մի ինստիտուտ չի հիմնվել: Տեսլական մշակելու համար անհրաժեշտ էր ստեղծել կառավարման կառույցներ տվյալ ոլորտի առաջատար մասնագետներից, որոնք կարող էին նոր տեսլական ներկայացնել, և դրա հիման վրա անհրաժեշտ էր ստեղծել կառավարման ինստիտուտներ, որոնք կկարողանային իրականացնել այդ տեսլականները: Ոչ կառույցները, ոչ ինստիտուտները չեն ստեղծվել: Մյուս կողմից, դեռևս գոյություն չունեն այլ առանցքներ (օրինակ, կողոպտիչ): Նման առանցքի նմանակը հասարակության բաժանումն է յուրայինների և օտարների ու պաշտոններում իրենց մարդկանց (որպես կանոն, դիլետանտների) նշանակումը, ինչը խիստ ապակառուցողական է երկրի համար:  Խնդիրներ առաջ քաշելու, զսպող մեխանիզմների և վերահսկողության մեխանիզմների բացակայության պայմաններում մենք այժմ ունենք 1917-1918 թվականների մղձավանջային իրավիճակը, երբ բոլշեվիկներն ու տրոցկիստները նավաստիներին պաշտոններ տվեցին: (Հայտնի է, թե դա ինչով ավարտվեց՝ ոչնչացրին մտավորականներին, իսկ նավաստի-պաշտոնյաների կանայք սկսեցին դույլերով տուն տանել ֆրանսիական օծանելիքը:) Կետ 3.4՝ ինչի է հանգեցնում ինստիտուցիոնալ կառավարման բացակայությունը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե չկա առանցք, չկան հստակ դրված խնդիրներ ունեցող նշված կառույցներն ու ինստիտուտները: Պարզ է, որ Իշխանությունը, այդ դեպքում, իրականացվում է նախարարների ձեռքի կառավարումով, որոնք չունեն (դե ֆակտո) ոչ տեսլական, ոչ համապատասխան գիտելիքներ, ոչ էլ համապատասխան ինստիտուտներ, որոնք կկարողանային ուղղել իրենց իսկ սխալները: Նման համակարգում հնարավոր չէ տարբերել գլխավորը երկրորդականից: Երկիրը կորցնում է կողմնորոշիչները: Նշված կառույցների ու ինստիտուտների բացակայության պայմաններում, որոնք կարող էին ճշգրտել ու ուղղորդել աշխատանքը, նախարարները սկսում են դատարկաբանությամբ զբաղվել ու ուրիշ ոչինչ չկարողանալով՝ սկսում են իրենց «մաֆիաները» ստեղծել (իրենք էլ են մարդիկ ու ուզում են ամրապնդվել): Երկրում անխուսափելիոեն կուտակվում են ապուշությունն ու անհեթեթ իրավիճակները: Տնտեսական բոլոր նախաձեռնություններն արգելակվում են, ինչը հանգեցնում է Ժողովրդի հիասթափությանը: Նման պայմաններում անխուսափելիորեն իշխանության մեջ առաջ են գալիս ստախոսություններ, մանիպուլյացիաներ և մեքենայություններ: Դժգոհ է ինտելեկտուալ էլիտան, դժգոհ են նախկին կողոպտիչները, դժգոհ է ժողովուրդը: Երկիրը կորցնում է կառավարելիությունը՝ հետո, անխուսափելիորեն, առաջանում են իշխանության ճգնաժամն ու իշխանափոխության պահանջները: Մենք արդեն ընդհուպ մոտեցել ենք այդ իրավիճակին: Նիկոլի սխալները տնտեսության մեջ Նիկոլի գլխավոր սխալն այն է, որ նա անտեսում է պետական արտադրական հատվածի ստեղծումը: Նա անընդհատ օտարերկրյա ներդրողներ է որոնում: Իսկ օտարերկրյա ներդրումները, դա միշտ էլ երկրի թալանն է: Ես արդեն մի քանի անգամ գրել եմ՝ անհեթեթ է ներդրումներ փնտրել, երբ երկրում հսկայական քանակությամբ ազատ փող կա: Դրանք միլիարդավոր դոլարներ են: Ստեղծիր բաժնետիրական ձեռնարկություններ՝ պետության մասնակցությամբ, և երկար ժամանակ ոչ մի ներդրում պետք չի լինի: Եվ ազատ փողերը կսկսեն շահույթ բերել, և աշխատատեղեր կբացվեն, և եկամուտը կմնա երկրում: Նիկոլն անընդհատ պնդում է, որ իր կառավարման նպատակը աշխատանքի լավ պայմաններ ստեղծելն է, մնացածը ժողովրդի գործն է՝ թող աշխատի: Ճիշտ չէ: Կան հազարավոր բաներ, որ պետությունը պարտավոր է ինքն անել: Դա այնքա՚ն պարզ է: Սակայն Նիկոլն անգամ չի համարձակվում մտածել այդ մասին, քանի որ իշխանություն է ձևավորել լրագրողներից ու արևելագետներից (ինչպես Վանո Սիրադեղյանը ժամանակին իր պոետ-բարեկամներին ոստիկանապետեր էր նշանակել): Որպեսզի պետական արտադրությունն աշխատի անհրաժեշտ է, որ կառավարիչների ծանրակշիռ մասն ունենա տեխնիկական կրթություն (ինչպես դա եղել է խորհրդային տարիներին): Այսպիսով, մենք տեսնում ենք աղաղակող հակասություն դրված խնդիրների (ստեղծել տեխնոլոգիաների երկիր) և կառավարման կադրային կազմի (պատկերավոր ասած՝ լրագրողների) միջև: Ամփոփենք սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի եզրակացությունները: Փաշինյանի կառավարման գլխավոր սխալներն են՝ (1) մերիտոկրատիայի անտեսումը (այսինքն՝ մասնագետների անտեսումը), (2) կառավարման ինստիտուտների բացակայությունը, (3) տնտեսության մեջ պետական հատվածի անտեսումը, (4) կադրային կազմի անհամապատասխանությունը դրված նպատակներին: Գրիգոր Բարսեղյան Հայ մասնագետների Խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր

Lragir.am,
15-09-2019 15:56