Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր՝ դուրս գալով ԱԱ կիսաեզրափակիչ

15-09-2019 15:52

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Օլիմպիական չեմպիոնը քառորդ եզրափակչում 4:3 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Աբդուլահ Սարավիին: Այսպիսով՝ Ալեքսանյանն ապահովել է առնվազն Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Հրաբովնիկին: 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել էր ֆինն Մատի Կուսմանենին, իսկ ⅛ եզրափակչում 4:2 հաշվով թուրք Չենկ Իլդեմին: Սեպտեմբերի 15-ին պայքարի էին դուրս եկել նաև 67 կգ և 87 կգ քաշային ըմբիշները: 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից 10:1 հաշվով հաղթեց Տաջիկստանի ներկայացուցիչ Մուբինժոն Ահմեդովին, իսկ ⅛ եզրափակչում 3:6 հաշվով զիջեց Իբրահիմ Էլսայեդին՝ Եգիպտոսից: 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 1:4 հաշվով զիջեց կուբացի Դանիել Գրեգորիչին: 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտում 4:7 հաշվով զիջեց կորեացի Ջիյոն Լիին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի համար կպայքարի իրանցի Մեյսամ Դալխանիի հետ:

Lragir.am,
15-09-2019 15:52