Եթե Ադրբեջանը չի գնում կոմպրոմիսի, ուրեմն մեր դիրքորոշումն է՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ

16-09-2019 16:50

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին վարչապետը հայտնեց սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության հայտնած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: «Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի դեպ, ես եղել եմ Հայաստանի առաջին ղեկավարը, ով նման հայտարարություն է արել, խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելիության մասին, ինչի համար նաև Հայաստանում քննադատվել եմ: Ես համանման հայտարարություն ակնկալում եմ նաև Ադրբեջանի իշխանությունից: Իմ հայտարարությունից մեկ տարի անցել է, բայց նման հայտարարություն չի արվել, և փոխարենն ասվել է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մինչդեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի հայտնած դիրքորոշմանը Հայաստանը համարժեք պատասխան ունի: «Եթե այս ամենի կոնտեքստում Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այն իմաստով, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք այս ամբողջ ինֆորմացիայի հիման վրա կարող ենք արձանագրել, որ, եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ պետք է լինի` Արցախը Հայաստան է, և վե՛րջ»,- նշեց Փաշինյանը:

Lragir.am,
16-09-2019 16:50