Վարչապետն անկեղծացել է. տարօրինակ հայտարարություն

Վարչապետի վանաձորյան մամուլի ասուլիսը թողեց ներքաղաքական պայթյունի էֆեկտ, ինչի պատճառն անշուշտ ԱԱԾ պետի պաշտոնանկության մասին հայտարարությունն էր, եւ առավել եւս դրան հաջորդած հրաժարականի տեքստը, որ հրապարակեց ինքը Արթուր Վանեցյանը: Այդ տեքստից ակնառու էր, որ նա հեռանում է կառավարման որակի հետ անհամաձայնության պատճառով: Թե հատկապես որոնք են անհամաձայնության կոնկրետ դրվագները, առայժմ պարզ չէ: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի ասուլիսը ներքաղաքական առումով աչքի ընկավ ոչ պակաս կարեւոր թեմայի շոշափումով: Խոսքը Ամուլսարի մասին է, սակայն ոչ միայն անմիջական հանքի շահագործման հարցի այս կամ այն լուծման, այլեւ այն բնույթի եւ «բովանդակության», որ ստացել է հարցը ընդհանրապես Հայաստանի հետհեղափոխական իրավիճակի զագացման հեռանկարի տեսանկյունից: Լրագրողները հարց ուղղեցին վարչապետին Ախթալայի պղնձի վերամշակման գործարանի նախագծի մասին, որ կարող է իրագործվել չինացի ներդրողների մասնակցությամբ: Վարչապետը հայտարարեց, թե չինացի ներդրողները ոչինչ էլ չեն անում եւ սպասում են, թե Հայաստանում ինչ հանգուցալուծում են ունենալու ներդրումային այլ ծրագրերը: Եվ սպասում են ոչ միայն չինացի ներդրողները, այլ բոլորը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, որեւէ ներդրող չի պատրաստվում հարյուրավոր միլիոն դոլարներ բերել, երբ ինչ որ պահի հանկարծ կհայտնվեն ինչ որ «դիրքապահներ», որոնք ճանապարհ կփակեն, հետո մի օր գուցե զենք կուտակեն, եւ այլն, եւ այլն: Ակնհայտ է, որ վարչապետը նկատի ունի Ամուլսարը: Ավելի վաղ դրա վերաբերյալ հարցերին նա պատասխանել էր, որ պետք է գնան ճշմարտությունը գտնելու ճանապարհով: Ոստիկանության ուժ կիրառելու հնարավորության վերաբերյալ հարցին Փաշինյանը պատասխանել էր, որ դա կարգավորվում է Հայաստանի օրենսդրությամբ: Թե որքան է Ամուլսարի հարցում ճշմարտության ճանապարհը, պարզ չէ: Իսկ խնդիրն այն է, որ այդ ճանապարհը փակ է, որովհետեւ հանքի ճանապարհը փակ պահելը գործնականում նշանակում է փակել ճշմարտության ճանապարհն էլ: Որովհետեւ փակողները, հանքի շահագործման դեմ պայքարողները համոզված են, որ դա է ճշմարտությունը: Եվ պարզ է, որ ոչինչ էլ նրանց չի համոզի հակառակում: Հատկապես որ մեծ է քաղաքական եւ տնտեսական «կորպորատիվ շահերից» բխող արշավը՝ ճանապարհը փակողների հաստատակամությունը պահելու հարցում: Ըստ այդմ, իրավիճակը փակուղային է: Եթե կառավարությունը գտնի դրանից թավշյա ճանապարհով դուրս գալու հնարավորությունը՝ հանքի ճանապարհը բացելու առումով, դա իհարկե կլինի մեծ ձեռքբերում: Բայց հարցը նաեւ այն է, թե որքա՞ն ժամանակ ունի կառավարությունն այդ հարցում: Որովհետեւ խնդիրը միայն ներդրումային վարկը չէ, ներդրողների համար հաղորդագրությունները չեն, այլ նաեւ իշխանության քաղաքական վարկը: Բանն այն է, որ Ամուլսարի հարցում ձեւավորվում է մեթոդաբանություն՝ իշխանության դեմ պայքարի մեթոդաբանություն, որը կարող է կիրառվել մի շարք այլ հարցերում: Կփոխվի պայքարի կոնտինգենտը, բայց մեթոդաբանությունը կստանա գոյության իրավունք: Այդ իմաստով, առնվազն տարօրինակ է, երբ վարչապետը հայտարարում է, որ ներդրողները չեն գա, որովհետեւ կվախենան, որ կարող են ի հայտ գալ ճանապարհ փակողներ: Խնդիրն այն է, որ կառավարությունը պետք է լինի հենց երաշխավորը, որ չի լինի այդպիսի բան: Բայց, ստացվում է, առնվազն Ամուլսարի ներկայիս վիճակում, որ կառավարությունը չի կարող լինել այդպիսի երաշխավոր: Եվ սա արդեն միայն բիզնես վարկի հարց չէ, այլ քաղաքական հեղինակության, որը ներառում է շատ ավելի լայն ու խորը շրջանակներ: «Սա կատակ չէ»,ստեղծված իրավիճակի առումով հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որը մինչ այդ հայտարարել էր ԱԱԾ պետի հրաժարականի մասին: Ընդ որում, գործնականում նույն բանի մասին իր հրաժարականի տեքստում ԱԱԾ պետն էր հայտարարել, որ պետության կառավարումը կատակ չէ: Ո՞վ է այդ կատակի հեղինակը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
16-09-2019 18:04