Ջախջախում են թշնամուն՝ սահմանից այն կողմ. Արթուր Մոսիյան

16-09-2019 18:51

Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ Արթուր Մոսիյանի հետ: –Դաշնակցությունն ինչպե՞ս է գնահատում Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունները: -Կենտրոնական կոմիտեն քննարկել է Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքն ու արդյունքները եւ դրանք որակել որպես ազատ եւ ժողովրդավարական: -Դաշնակցության համար գոհացուցի՞չ էին ՏԻՄ ընտրությունների արդյունքները: -Այո, արդյունքները գոհացուցիչ էին: Կայացած ընտրություններին Դաշնակցությունը հանրապետության համայնքներում առաջադրել կամ պաշտպանել է 34 համայնքի ղեկավարի եւ 48 ավագանու անդամի թեկնածուների: Դաշնակցության կողմից պաշտպանված համայնքի ղեկավարների թեկնածուներից 21-ն են ընտրվել, իսկ ավագանու թեկնածուներից՝ 41-ը: Այսինքն, մեր կողմից առաջադրված եւ պաշտպանված թեկնածուների  2/3-ն այս մրցապայքարում հաջողություն է գրանցել: Նախքան ընտրությունները Դաշնակցությունն ուներ 14 համայնքի ղեկավար, ընտրությունների արդյունքում մենք ունեցանք 21-ը: Այդ առումով ընտրությունների արդյունքները գոհացուցիչ են Դաշնակցության համար: -Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հայտարարել են ընտրապայքարում իրենց «ջախջախիչ» հաղթանակի մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց հայտարարություներին: -Ուրիշների ասածները չեմ ցանկանում մեկնաբանել, պարզապես ասեմ, որ մեր երկրում ընտրությունների մրցապայքարի արդյունքում որեւէ մեկը չի կարող ջախջախիչ հաղթանակ տանել: Դա չկշռադատված արտահայտություն է, որը հարված է հասցնում բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերներ դիմագրավելու խնդրի առաջ կանգնած մեր հասարակության միասնականությանը: Մեր երկրում մեկը մյուսի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տանելու անհրաժեշտություն չկա: Ջախջախում են թշնամուն՝ սահմանից այն կողմ: Մեր հայրենիքում չեն կարող լինել «ջախջախված» հայրենակիցներ: Ես կասեի, որ ընտրություններում հաղթանակ է տարել կայացման փուլում գտնվող ՏԻՄ համակարգը: Եթե կայացման եւ զարգացման դիտակետից նայենք ՏԻՄ համակարգին, մեզ մոտ հաղթողներ եւ պարտվողներ չեն եղել: Եղել են մրցապայքարի արդյունքում ընտրված եւ չընտրված  թեկնածուներ: Հուսամ, որ այդ հայտարարությունները միտումնավոր չեն արվել: -Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում խոսվում է մոտ 128-130 համայնքներում տարած հաղթանակի մասին: -Նմանատիպ հայտարարությունները քարոզչական մանիպուլյացիաներ են: Այդ «հաղթանակները» սխալ վերլուծության եւ ոչ ճիշտ տրամաբանության արդյունք են: Այդ նույն տրամաբանությամբ Ստեփանակերտ քաղաքում մասնակցած ընտրողների թիվը կազմել է հանրապետության ընտրողների մոտ 32 %-ը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է անկուսակցական թեկնածուն, երկրորդ հորիզոնականում է Դաշնակցության պաշտպանած թեկնածուն, 3-4-5-րդում՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հիմա ի՞նչ է ստացվում՝ ընտրություններում հաջողություն գրանցած կուսակցականների դեպքում կուսակցությունը հաղթել է, իսկ ոչ առաջին հորիզոնականը զբաղեցրած կուսակցության անդամների պարագայում՝ կուսակցությունը տվյալ համայնքում չի՞ մասնակցել ընտրապայքարին: Մյուս հարցը՝ խոսվում է 130 թեկնածուների հաղթանակի մասին: Իսկ ինչքա՞ն են եղել մինչեւ ընտրությունները՝ 160, թե՞ 170. այս մասին ոչինչ չի ասվում: Կրկնում եմ, սրանք ոչ ճիշտ վերլուծության արդյունքներ են: Եթե նայենք պաշտոնական վիճակագրությանը, ապա ՏԻՄ ընտրություններում մասնակցել է համայնքի ղեկավարի 413 թեկնածու, որից կուսակցական են եղել ընդամենը 128-ը, իսկ կուսակցությունների կողմից առաջադրվել է ընդամենը 3 թեկնածու: Ավագանու թեկնածուների թիվը կազմել է 1396, որից կուսակցական են եղել ընդամենը 248-ը, իսկ կուսակցությունների կողմից առաջադրվել է ընդամենը 18 թեկնածու: Կարծում եմ այս առումով Արցախում հաջողություն է գրանցել «անկուսակցականների կուսակցությունը»: -Լուրեր են տարածվում, ըստ որոնց՝ ՏԻՄ ընտրությունները չքաղաքականացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել: -Պետք է տարբերակել խոսակցություններն ու քննարկումները պայմանավորվածություններից: Համայնքի ղեկավարի պաշտոնը մեր օրենսդրությամբ քաղաքական պաշտոն է: Դաշնակցությունը չի կարող ունենալ մեր օրենսդրությանը հակասող պայմանավորվածություններ: Այդ է պատճառը, որ Դաշնակցությունն այն եզակի քաղաքական ուժերից է, որը նախօրոք հայտարարել է իր սատարած թեկնածուների մասին՝ մասնավորապես քաղաքային համայնքներում: -Ինչպես ասացիք՝ 228 համայնքում տեղի ունեցած ընտրություններին Դաշնակցությունը սատարել է 34 համայնքի ղեկավարի թեկնածուի, ինչը կազմում է ընդհանուր համայնքների միայն 15%-ը: Այս ցուցանիշն արդյո՞ք քիչ չէ Դաշնակցության համար: -Նայած թե որ կողմից ենք նայում: Եթե համայնքների թվի քանակով նայենք, ապա Դաշնակցությունը համայնքների թվի 15%-ում է սատարել որևէ թեկնածուի, բայց  չպետք է մոռանալ, որ այդ 34 համայնքները կազմում են մեր ազգաբնակչության առնվազն 70%-ը: Ասեմ նաեւ, որ Դաշնակցությունն այս ընտրություններին սատարել է ինչպես կուսակցական, այնպես էլ համակիր թեկնածուների: -Ինչո՞վ էր պայմանավորված Դաշնակցության այդ որոշումը: -Ամենեւին էլ պարտադիր չէ, որ Դաշնակցության սատարած թեկնածուները պարտադիր կուսակցականներ լինեն: Դաշնակցութունն ավելի շատ ուշադրություն է դարձրել թեկնածուների հմտություններին եւ կարողություններին: Եթե մեր համակիր թեկնածուները լավ ծրագրերով են հանդես եկել, մենք պաշտպանել ենք այդ թեկնածուներին, որովհետեւ մեզ համար սեփական թեկնածուի բարդույթ գոյություն չունի: Խնդիրը ՏԻՄ համակարգի կայացումն է, համայնքներում ունակ ղեկավարի առկայությունը: Մենք առաջնորդվել ենք այս սկզբուքներով, եւ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ բոլոր այն համայնքներում, որտեղ մենք առավելության չենք հասել, գրավել ենք 2-րդ հորիզոնականը, այն էլ՝ շատ տեղերում թեկնածուների միջեւ ձայների  տարբերությունը մինչեւ 20 ձայն էր: Սա խոսում է ճիշտ ընտրված թեկնածուների մասին: -Դաշնակցությունը սեպտեմբերի 12-ից սկսել է 2020թ. ընտրություններին միասնական օրակարգով եւ համաձայնեցված թեկնածուով առաջադրվելու շուրջ բանակցություններ: Ինչպե՞ս են ընթանում բանակցությունները: -Կենտրոնական կոմիտեն գործադրում է Դաշնակցության Արցախի արտահերթ Շրջանային ժողովի որոշումը: Արդեն իսկ մեկնարկել է մեր հանդիպումների շարքը: Հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ՝ ստանալու նրա օրհնությունը: Արցախի հոգեւոր առաջնորդը կիսել է միասնական օրակարգ ձեւավորելու՝ Դաշնակցության կողմից արծարծված մտահոգությունները եւ ողջունել միասնական օրակարգ ձեւավորելու ուղղությամբ տարվող ջանքերը: Պարգեւ սրբազանն օրախնդիր է համարել նաեւ հասարակության մեջ ամեն տեսակի պառակտման ու բեւեռացման առաջն առնելու յուրաքանչյուր քայլ: Այս փուլում հանդիպելու ենք խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների հետ: Գործընթացի ամփոփումը լինելու է հրապարակային, եւ հանրությունը տեղեկացված է լինելու այս ամենի մասին: Լուսինե Թեւոսյան

Lragir.am,
16-09-2019 18:51