Հայաստանն ու Լիտվան ունեն համագործակցության շատ թիրախային օրակարգ. Զոհրաբ Մնացականյան

16-09-2019 20:14

Շատ կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները մշտապես շատ ամուր հիմքերի վրա են եղել և շարունակում են մնալ այդպիսին: Այս մասին նշել է Լիտվայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր լիտվացի գործընկեր Լինկեվիչուսի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Հարգելի Լինաս, Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ ուրախ եմ պաշտոնական այցով գտնվել Վիլնյուսում: Սա Լիտվայի հետ մեր կարևոր օրակարգը քննարկելու առաջին հնարավորությունը չէ: Ինչպես Լինասը նշեց, մենք շատ հնարավորություններ ենք ունեցել՝ բազմակողմ ձևաչափերը և շատ այլ առիթներն ակտիվորեն օգտագործելով երկկողմ օրակարգին անդրադառնալու համար: Բայց այժմ ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ, քանի որ մենք ունենք շատ թիրախային օրակարգ՝ ուղղված Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Կարծում եմ՝ շատ կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները մշտապես շատ ամուր հիմքերի վրա են եղել և շարունակում են մնալ այդպիսին: Դրանք հարաբերություններ են երկու ժողովուրդների միջև, որոնք միջազգային հարթակում համեմատաբար փոքր են, սակայն համախմբված են իրենց համերաշխությամբ, իրենց ուժով և անկախության հանդեպ ունեցած վստահությամբ՝ արարելու մեր ազգերի և ժողովուրդների համար: Ուստի, սա է մեր իմացած շատ ամուր հիմքը, որը մենք ունենք և որի վրա կառուցում ենք մեր հարաբերությունները: Այո՛, մեր հարաբերությունները բազմաոլորտ են և բազմաշերտ: Մենք ավանդաբար շատ լավ գործընկերներ ենք եղել նաև բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ-ում, տարածաշրջանային կազմակերպություններում: Անչափ կարևոր է ԵՄ ձևաչափը. Լիտվան ԵՄ շրջանակներում Հայաստանի օրակարգի մեծ աջակիցն է: Լինաս, ես իսկապես շատ երախտապարտ եմ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հարցում Ձեր կողմից մեզ ցուցաբերվող աջակցության համար: Մենք հանձնառու ենք արագացնելու այդ գործընթացը և սկսելու երկխոսությունը: Իհարկե, ԵՄ հետ ունենք համագործակցության շատ կարևոր իրավական շրջանակ՝ ՀԸԳՀ-ն, որտեղ մենք բացառիկ հնարավորություններ ունենք՝ ընդլայնելու մեր հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով, այդ թվում քաղաքական երկխոսությունը, ազատությունն ու դատական համակարգը, ոլորտային համագործակցությունը, օրենսդրական դաշտի մոտարկումը: Մենք հանձնառու ենք առավել ընդլայնելու այս օրակարգը և օգտագործելու ՀԸԳՀ ընձեռած հնարավորությունները: Եվ այս առումով մենք բարձր ենք գնահատում Լիտվայի կողմից ցուցաբերվող մեծ աջակցությունը: Լինասն իր խոսքում նշեց նաև սպայական վերապատրաստման շրջանակներում մեր ունեցած համագործակցության մասին, և իրավական դաշտն այս առումով իրապես օգտակար է: Ավանդաբար, Լիտվան կարևոր գործընկեր է եղել այդ հարցում, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում: Երկկողմանի օրակարգում մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ կա առաջմղման հրաշալի հնարավորություն, մենք նախանշել ենք այդ ոլորտները: Մենք ժողովուրդներ ենք, որոնք մեծապես ապավինում են իրենց ազգային տաղանդին, իրենց ժողովրդի տաղանդին, ժողովրդի կարողություններին. նորարարությունը, ստեղծարարությունը հանդիսանում են մեր ազգերի զարգացման կարևոր շարժիչ ուժերը: Լիտվայում և Հայաստանում մենք ունենք մեր սեփական փորձը և մենք այժմ աշխատում ենք այս համագործակցությունն ամրապնդելու, որպես կառավարություն՝ օգնելու մեր անմիջական շահառուներին համախմբվելու և ուսումնասիրելու այն ուղիները, որոնցով նրանք կարող են համատեղ աշխատել: Մենք քննարկեցինք տարբեր ոլորտներ. լինի բիոտեխնոլոգիաներ, ֆինանսական տեխնոլոգիաներ, թե այլ ոլորտ, մենք Հայաստանում մեծապես հետաքրքրված ենք ուսումնասիրել դրանք: Մենք ունենք նաև մեր ուրույն հետաքրքիր փորձը, մեր հետաքրքիր լավ առաջընթացը տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՏ լուծումների ուղղությամբ: ՏՏ ոլորտը շատ կայացած է Հայաստանում և շատ արագ է զարգանում: Մենք Հայաստանում ունենք ստեղծագործ, խելացի կրթության օրինակներ, որոնցով նույնպես հանձնառու ենք կիսվել մեր լիտվացի գործընկերների հետ: Ընդհանուր առմամբ, խելացի զարգացումն այն է, ինչ առկա է մեր օրակարգերում՝ և՛ Լիտվայում, և՛ Հայաստանում: Մենք նաև անդրադարձ կատարեցինք մշակութային համագործակցությանը, մեր ժողովուրդների միջև շփումների խթանմանը և, անշուշտ, կշարունակենք համագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում: Այսպիսով, մենք համագործակցության սահմաններ չունենք. սա համագործակցություն է ազգերի  միջև, որոնք ունեն փոխադարձ խորը հարգանք և համագործակցության լավ փորձ, լավ արդյունք: Մենք ունենք լավ քաղաքական երկխոսություն, ակնկալում ենք այցերի շարունակականություն: Իրականում, այց տեղի կունենա շատ շուտով: Մեր համագործակցության խորհրդարանական մակարդակը չափազանց կարևոր է, որը նույնպես ամրապնդվում է: Մեզ մոտ կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ խորհրդարանական համագործակցության ակտիվ մակարդակն ապահովելու համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ես ներկայացնում եմ մի կառավարություն, որը շատ վստահ է իր մանդատի վրա, ժողովրդի ուժեղ մանդատի վրա. մենք վճռական ենք ամրապնդելու և խորացնելու թավշյա հեղափոխության ուղերձը, այն է՝ ամեն հնարավոր ձևով ամրապնդել ժողովրդավարությունը, ժողովրդավարական կառույցները: Մեր կառավարությունը, մեր վարչապետն ավելի ու ավելի վճռական է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում: Մենք շատ վստահ ենք, թե ով ենք մենք, ինչ ենք անում, և ունենք ամուր վճռականություն՝ իրականացնելու այս բարեփոխումները: Ամփոփելով խոսքս՝ կրկնեմ, որ շատ ուրախ եմ լինել Լիտվայում, և ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի կոչ անեմ ձեզ այցելել Հայաստան. շատ լավ վայր է, շատ ջերմ և ընկերական, որտեղ շատ հետաքրքիր բաներ կան անելու: Հիմա, կարծես թե, որոշակիորեն խթանում եմ զբոսաշրջությունը, և շատ վստահ եմ այն ամենում, ինչ ասում եմ, որովհետև դա իսկապես շատ լավ տեղ է այցելելու՝ ընկերական միջավայր, որտեղ Լիտվան, Լիտվայի ժողովուրդը վայելում են խորը հարգանք և որտեղ կգտնեն հրաշալի բարեկամություն: Շնորհակալություն: Հարց. Ո՞ր ոլորտներում եք տեսնում Լիտվայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Զոհրաբ Մնացականյան. Սա հենց այն է, ինչի մասին ես խոսում էի. ի նկատի ունեմ հատկապես այն ոլորտները, որտեղ մեր տնտեսությունը հիմնվում է մարդկային տաղանդի վրա: Ինչպես նշեցի՝ մենք ունենք շատ հետաքրքիր զարգացումներ ՏՏ ոլորտում, ՏՏ լուծումների ոլորտում, ստեղծարար կրթության ոլորտում: Կան շատ այլ հետաքրքիր օրինակներ, որոնց ներկայացման համար շատ երկար ժամանակ է անհրաժեշտ: Բայց սա այն է, ինչ մենք քննարկել ենք: Լիտվան, նմանապես, ունի շատ հետաքրքիր փորձ այն ոլորտներում, որոնք այսօր քննարկել ենք՝ բիոտեխնոլոգիաներ, ֆինանսական տեխնոլոգիաներ և այլն: Հայաստան վերադառնալուն պես դրանք կներկայացնեմ իմ գործընկերներին՝ անմիջական շահառուներին: Մեր գործն է մերձեցնել այդ շահառուներին, որպեսզի միասին քննարկեն համագործակցության իրական հեռանկարները: Դրանք այն ոլորտներն են, որ հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար: Նման շատ ոլորտներ կան, հատկապես որոնք հիմնվում են մարդու մտքի վրա: Գիտություն, կրթություն, առաջադեմ տեխնոլորգիաներ. սրանք այն բնագավառներն են, որտեղ մենք տեսնում ենք հետաքրքրություն, կարևոր ներուժ: Սա պարզապես օրինակ է, որովհետև, ինչպես ասացի, պետք չէ մոռանալ իմ կողմից նշված այլ կարևոր ուղղությունները՝ բազմակողմ հարթակը, ԵՄ շրջանակը, սպայական վերապատրաստումը,  բարեփոխումների գործընթացին առնչություն ունեցող ոլորտները: Մենք շատ հետաքրքրված ենք ծանոթանալու Լիտվայում որոշ ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացին, և իմանալ, թե ինչպես է այդ ամենը իրականացվում այստեղ: Ինքներդ էլ գիտեք, մենք ընծայված չենք հարուստ ընդերքով, բայց ընծայված ենք մեր ժողովուրդների ներուժի հարցում: Ուստի, բոլոր ոլորտներում մենք ունենք հետաքրքիր ներուժ և շարունակական համագործակցություն: Նախևառաջ, ցանկանում եմ ընդգծել այն ոլորտները, որոնք հիմնված են մարդկային տաղանդի, առաջադեմ տեխնոլոգիաների, առաջադեմ գիտության վրա, և որտեղ մենք երկուսս էլ ունենք հետաքրքիր փորձ՝ արժանի կիսվելու, արժանի կառուցելու առավել լավ, խորը համագործակցություն: Շնորհակալություն»:

Lragir.am,
16-09-2019 20:14