Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

17-09-2019 10:26

Տարվա իրավական շաբաթը՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը շարունակվում է և միջոցառումների երրորդ օրը փառատոնի կամավորները հարստացրին հայերեն Վիքիպեդիայի հոդվածների պաշարը: Խմբագրաթոն՝ այսպես էր կոչվում միջոցառումը, որի ընթացքում փառատոնի կամավորները՝ խորհրդատու-մասնագետների օգնությամբ պատրաստեցին, խմբագրեցին ու հրապարակեցին մարդու իրավունքների վերաբերյալ 16 հոդվածներ: Փառատոնը նախաձեռնած «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը Խմբագրաթոնի բացման խոսքում կարևորելով միջոցառումը՝ նշեց, որ մարդու իրավունքների վերաբերյալ հոդվածների քանակը հայերեն վիքիպեդիայում բավական քիչ է, այդ պատճառով էլ որոշել են անցկացնել նաև նմանատիպ միջոցառում: Երեխաների, աշխատանքի, պացիենտի և մի շարք այլ իրավունքների մասին պատմող հոդվածների պատրաստման աշխատանքները բավական հետաքրքրել են ինչպես կամավորներին, այնպես էլ նրանց օգնող մասնագետներին: Կամավորներից մի քանիսն անգամ արդեն առաջարկներ են ստացել շարունակել իրենց գործունեությունը: Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Սյուզի Գրիգորյանի հոդվածը նվիրված էր երեխաների իրավունքներին: Նշում է, որ սեղմ ժամկետներում մենթոր Աիդա Մուրադյանի հետ կարողացել են համապարփակ ներկայացնել երեխաների իրավունքները: «Միջոցառումը մեծ փորձ տվեց ինչպես լավ հոդված պատրաստելու տեսանկյունից, այնպես էլ՝ մենթորի հետ աշխատելու, լավ հմտություններ ստացա, լավ ընկերներ: Ցանկություն ունեմ հետագայում ավելի շատ հոդվածներ տեղադրել Վիքիպեդիայում: Շատ էի օգտվում այս առցանց հանրագիտարանից ու երբ հարկավոր թեմաներով հոդվածներ չէի գտնում, շատ էի նեղվում, սակայն հիմա արդեն ինքս կարող եմ գրել ու ավելացնել դրանք»,-ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ համագործակցության արդյունքում Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակից գործունեությունը շարունակելու առաջարկ է ստացել: Ծրագրի արդյունքում՝ իր նախընտրած ոլորտում գործունեությունը շարունակելու առաջարկ է ստացել նաև գենդերային թեմայով հոդվածի հեղինակ Մելանյա Հովհաննիսյանը: Մելանյայի մենթորը ԵՊՀ գենդերային հետազոտությունների կենտրոնից Սիրան Հովհաննիսյանն էր, ով դրական գնահատելով կամավորի աշխատանքը՝ առաջարկել է պրակտիկա անցնել իրենց կենտրոնում: «Մելանյայի հետ որոշեցինք շարունակել աշխատանքները, և նա արդեն հոկտեմբերից ԵՊՀ գենդերային հետազոտությունների կենտրոնում կսկսի պրակտիկան, որը կներառի տարբեր աշխատանքներ,-ասում է Սիրան Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով անցկացված միջոցառումը, -Առհասարակ, շատ կարևոր միջոցառում էր, որը թույլ տվեց առավել համապարփակ ներկայացնել մեզ վստահված թեման, ինչպես նաև նոր հմտություններ տվեց»: Հիշեցնենք, որ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 14-20-ին, Երևանում և Վանաձորում՝ «Ես էլ եմ այստեղ» խորագրով ու նվիրված է ատելության խոսքի կանխարգելմանը: Հանրային, մշակութային միջոցառումների միջոցով մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակի նպատակ ունեցող փառատոնի այս տարվա շրջանակներում տեղի կունենան թատերական ներկայացումներ, մարդու իրավունքի զրույցներ, Վիքիպեդիա Խմբագրաթոն, սթրիթ-արթ, վազքի մարաթոն, տոնական համերգ: Արդեն երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ից փառատոնը կշարունակվի Վանաձորում: Վանաձորյան միջոցառումների մեկնարկը կտրվի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ժամը 19:00-ին՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ: Սեպտեմբերի 18-ի, ժամը 15:00-ին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցու հետ քննարկվելու են մարդու իրավունքները հայ գրականությունում, մասնավորապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում: Իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին ինտերակտիվ թատերական ներկայացում տեղի կունենա ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում: Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 19:30-ին,Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում կայանալիք «Ռոքը հանուն իրավունքների» բացօթյա համերգով, որի ժամանակ նույն բեմում հանդես կգան հայտնի ու սիրված Լավ էլի և Բամբիռ ռոք խմբերը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, սակայն «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կայքում և ֆեյսբուքյան էջում բացված միջոցառումներում կարող եք գտնել հայտեր, որոնք հարկավոր է լրացնել: Փառատոնի մասին բոլոր մանրամասները՝ այստեղ: Նշենք, որ 2018 թվականին փառատոնը տեղի է ունեցել Երևան և Գավառ քաղաքներում՝  «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով (մանրամասներն՝ այստեղ և այստեղ):

Lragir.am,
17-09-2019 10:26