Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիտվայի վարչապետի հետ

17-09-2019 10:18

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանին սեպտեմբերի 16-ին ընդունեց Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը Լիտվայի վարչապետին փոխանցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքերը և բարեմաղթանքները: Վարչապետ Սկվերնելիսը և նախարար Մնացականյանը դրական գնահատեցին Հայաստանի և Լիտվայի միջև հաստատված գործընկերային հարաբերությունների և տարբեր մակարդակներում երկխոսության բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ երկուստեք առկա է պատրաստակամություն՝ պահպանելու այդ դինամիկան և առավել խորացնելու համագործակցությունը: Նախարար Մնացականյանը նշեց, որ իր այցը Վիլնյուս լավ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները և ուղենշելու հետագա քայլերը: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց էլեկտրոնային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման, վերոնշյալ ոլորտներում Հայաստանի և Լիտվայի փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնմանն ու իրականացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լիտվայի վարչապետին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Լիտվայի վարչապետ Սաուլիս Սկվերնելիսը հանգամանալից մտքեր փոխանակեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ: Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում Լիտվայի հաստատակամ աջակցության համար: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների վրա և հույս հայտնեց, որ լիտվական կառավարությունը և առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը: Տարածաշրջանային հարցերի համատեքստում երկուստեք ընդգծվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Lragir.am,
17-09-2019 10:18