Դատապարտյալը օրվա մեծ մասն անցկացնում է խցում, եւ հետագայում պատրաստ չի լինում ազատ արձակման

17-09-2019 10:30

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «ՀՀ»-ի հետ զրույցում խոսելով բանտարկված անձանց զբաղվածության, քրեակատարողական հիմնարկների խնդիրների մասին` ասել է, որ Հայաստանի քրեակատարողական  համակարգը դատապարտյալների համար աշխատանքի հնարավորություններ եւ ապրելու պատշաճ պայմաններ չի ապահովում: «Շատ դեպքեր ունենք, երբ ազատությունից զրկված անձը, պատիժը կրելուց հետո վերադառնալով հասարակություն` դժվարությամբ է ինտեգրվում: Այս ամենից զատ, Հայաստանի քրեակատարողական համակարգը դատապարտյալների հետ պատշաճ կերպով սոցիալ-հոգեբանական աշխատանքներ չի տանում. «Այնպես է ստացվում, որ դատապարտյալը օրվա մեծ մասն անցկացնում է խցում, եւ հետագայում պատրաստ չի լինում ազատ արձակման: Սակայն ստեղծված իրավիճակում մեղավորը ոչ թե նա  է, այլ պետությունը: Դրա հետեւանքով է, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը արդյունավետ չի գործում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Անդրադառնալով պատժի կրման վայրերի, շենք-շինությունների պայմանների բարելավման հարցին` Թաթոյանը նշել է, որ Նուբարաշենում պայմանները բացարձակ չեն համապատասխանում սահմանվող առաջադեմ պահանջներին»:

Lragir.am,
17-09-2019 10:30