«Հետամուտ եմ լինելու հնարավորինս հին կադրերի կյանքը դժվարացնելուն և նրանցից ազատվելուն»

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Պարոն Ավետիսյան,  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր արտահերթ ելույթում, անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ ԱԺ-ն՝ որպես ՀՀ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, պետք է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից օգտվի և իր դիրքորոշումը հայտնի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Կարծում եմ՝ նա բավական մանրամասն անդրադարձավ ՍԴ-ում տիրող ճգնաժամին և կարծում եմ՝ ժամանակն է թացը չորից տարբերելու: Մենք, նաև մեր հանրությունը բավականին երկար ժամանակ չէինք հասկանում, թե ինչու պետք է ընտրություններով լեգիտիմ ընտրված խորհրդարանը չասի իր խոսքը Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Հատկապես Հրայր Թովմասյանի անձն էր այստեղ կարևորվում, որովհետև ինչպես նախորդ մեր հարցազրույցում էի ասել, անթույլատրելի է ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչը լինի ՍԴ նախագահ: Ավելին՝ նա հանդիսանում է կոնկրետ քաղաքական թիմի կողմից ընտրված ներկայացուցիչը: Այս առումով շահարկելու փորձերը, թե սա անկախ դատական համակարգի նկատմամբ ոտնձգություն է, տեղին չեն: Հրայր Թովմասյանի անձն ինքնին անկախ դատական համակարգի նկատմամբ ոտնձգություն է և դատական իշխանությունը Սերժ Սարգսյանի «կալպակի» տակ պահելու փորձ, որն ուղղորդված կերպով արվել է: Դրա մասին թե վարչապետը, թե նախկինում պատգամավորները հստակ իրենց դիրքորոշումն արտահայտել են: Նաև մենք լավ գիտենք 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների բնույթն ու կեղծարարության մակարդակը, որովհետև ընդամենը մեկ տարի հետո տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Ինչո՞ւ էր ԱԺ-ն, ընդհանրապես իշխանությունն այս ամբողջ ընթացքում մեծ հաշվով լռում ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սպասեցին այնքան, մինչև Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշո՞ւմը եղավ: Սա բացարձակապես Քոչարյանի դեպքի խրոնիկայի հետ չի կապվում: Եթե կապվեր, բոլորին պարզ էր, որ գործը գնալու է այս կամ այն ուղղությամբ, կարելի էր հենց սկզբից, թեկուզ հունվարին անցնել ՍԴ-ին: Բայց կար մի կարևոր հանգամանք. ժողովրդավարությունը մեզ համար ինքնին միջոց չէ, այն մեզ համար նպատակ է: Միջոց կարող է լիներ տարբեր ավտոկրատիկ պետություններում: Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ՍԴ-ին: Սրա հետ մեկտեղ քաղաքական մշակույթի կրող ցանկացած բանական մարդ, ինչպիսին Հրայր Թովմասյանն է, ով քանիցս փորձել է իրեն ցույց տալ և ամեն անգամ քաղաքական մշակույթին է հղում արել իր հանրային խոսքով, պետք է շատ լավ հասկանար, որ եթե դու ՀՀԿ-ական պատգամավոր ես և քեզ ուղղակի Սահմանադրությունը փոխելուց հետո տանում, դնում են ՍԴ նախագահ, դու Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից՝ հեղափոխությունից հետո այնտեղ որևէ անելիք չունես: Մեր փաստարկները հստակ պետք է դրվեն: Եթե հիմքը կեղծ է, հետևաբար հետևանքը նույնպես կեղծ է: Այդ մարդը եղել է ՀՀԿ անդամ, ընդ որում՝ երբ ՍԴ անդամ էր ընտրվում, դեռևս չէին կասեցվել իր պատգամավորի լիազորությունները: Այսինքն՝ մենք տեսնում ենք այդ շիլաշփոթը, որովհետև իրենց համար մեկ էր, իրենք չէին կարող պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ: Հիմա «Իմ քայլը» հայտարարել է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթաց է սկսում: Դա ի՞նչ կոնկրետ քայլեր է ենթադրում: Այո, կլինեն կոնկրետ քայլեր մի քանի տարբեր ուղղություններից: Թույլ տվեք չբացահայտել, թե այդ քայլերը որոնք են, բայց որ առաջնային մանդատ ստացած Ազգային ժողովի նախագահը նման դիրքորոշում է հայտնում, ապա առնվազն տարակուսելի կլինի, եթե քայլեր չհետևեն: Քայլերը հետևելու են: Այսինքն՝ մինչև այս տարվա վերջ մենք կտեսնե՞նք այլ Սահմանադրական դատարան: Որպես պատգամավոր իմ անձնական տեսակետն է, որ այո, մենք պետք է ունենանք նոր Հայաստանին համահունչ ՍԴ: Միայն այդ պարագայում մենք վստահ կլինենք, որ սերունդների նկատմամբ մեր պարտավորությունները այս մասով իրականացրել ենք: Առհասարակ, հայտնի է, որ Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանը այս «հրաշք» Սահմանադրության Ջեֆերսոնն ու Մեդիսոնն են, և ինձ համար տարակուսելի է, որ մարդը, որը նոր Սահմանադրությունն է գրել, իր իսկ գրած Սահմանադրության նկատմամբ հարգանք չունի, անցումային դրույթներով է գնացել ՍԴ նախագահ նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի պաշտոնավարի ցմահ: Սա նույնպես ընդհանուր ժողովրդավարության տրամաբանությանը և դատական համակարգի անկախությանը հակասում է, որովհետև նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորներն ունեն պաշտոնավարման ժամկետներ: Մենք չպետք է ժողովրդավարության մեջ ունենանք այնպիսի համակարգեր, որոնք ցմահ են: Այդպիսիք պետք է քիչ լինեն, որովհետև դա հակաժողովրդավարական է: Հնարավո՞ր է, որ Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով է Ազգային ժողովը տեսնում խնդրի լուծումը: Նաև սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, որովհետև մեր քաղաքացիների մոտ արդարացիորեն կա տարակուսանք, որ խորհրդարանական երկրում, որտեղ ԱԺ-ում կա բացարձակ մեծամասնություն, ունենք այսպիսի իրավիճակ: Ես անձամբ՝ որպես պատգամավոր, հետամուտ եմ լինելու հնարավորինս հին կադրերի կյանքը դժվարացնելուն և նրանցից ազատվելուն: Մենք պետք է փոխենք օրենքները և խաղի կանոնները, որպեսզի չվերարտադրենք հին կադրերին: Բայց նշվում է, որ կադրերի 90 տոկոսը հին կադրերն են: Դա պետք է փոփոխվի 90 տոկոսով: Տեսեք, տարբեր տեղերում օրենքի պահանջն է, որ դու այդ նույն նախարարությունում պետք է աշխատած լինես: Ամբողջ օրենսդրական տրամաբանությունը վերարտադրության վրա է դրված: Քիչ էր մնում գրեին, որ ով երկու տարի այստեղ աշխատել է, հենց նա էլ պետք է դառնա այդ բաժնի պետը: Մենք պետք է խաղի կանոնները փոխենք, թույլ տանք նոր, որակյալ կադրերի ներհոսք՝ ապահովելով դրա համար բոլոր պատշաճ մեխանիզմները և նոր միայն աստիճանաբար ունենանք այլ կադրային բազա: Մենք նաև գիտենք, որ ինստիտուտները նաև խնդիրներ են ստեղծել, հետևաբար, տրամաբանական է, որ նոր կադրային ներգրավում ապահովենք: Այստեղ շատ կարևոր է նաև այն ռազմավարության քննարկումը, որը կառավարությունում է տեղի ունենում հանրային ծառայության որակների մասին: Պետք է խորհրդարանը սինխրոնիզացված աշխատի այդ նոր որակյալ կադրերի ներգրավման համար:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
17-09-2019 11:22