Առանց լավ ճանապարհային ցանցի հնարավոր չէ ունենալ զարգացած տնտեսություն, մշակույթ, տուրիզմ. Բեզոյան

17-09-2019 11:38

Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի կառավարության գերակա նպատակներից է: Եվ այդ նպատակներից ելնելով՝ 2019 թվականին կառավարության կողմից հանրապետությունում նախատեսվել ու իրականացվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: Ճանապարհաշինության ոլորտը տնտեսության կարևորագույն ճյուղերից է, այն իր հետ շղթայական կերպով զարգացնում է նաև այլ ոլորտներ: Թեմայի մասին «Արմենպրես»-ը զրուցել է «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միջազգային տրանսպորտի ակադեմիայի և ՀՀ ինժեներական ակադեմիայի իսկական անդամ Էդուարդ Բեզոյանի հետ: -Պարոն Բեզոյան, Հայաստանում ճանապարհային ցանցը քանի՞ կմ է: -Հայաստանի ճանապարհային ցանցը, որը բաղկացած է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհներից, իր խտությամբ բավարարում է նմանատիպ զարգացվածություն ունեցող երկրին: Միջպետական նշանակության ավտոճանապարհների երկարությունը, այդ թվում՝ տրանսպորտային հանգույցների առկայությունը, կազմում է մոտ 1760 կմ: Հանրապետական ճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 1990 կմ է, իսկ մարզային նշանակության ավտոճանապարհների երկարությունը մոտ՝ 4000 կմ: -Ճանապարհաշինությունն ի՞նչ դեր ունի երկրի տնտեսության մեջ: -Ճանապարհներն ունեն ոչ միայն տնտեսական, այլև մեծ ռազմավարական նշանակություն: Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ոլորտի բարելավման, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում ճանապարհային ցանցի վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերին: Առանձնակի ուշադրության են արժանի Հայաստանի գլխավոր զարկերակ համարվող միջպետական ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները: Անկախ երկրի տնտեսական զարգացման աստիճանից, ճանապարհները պետք է լինեն հարմարավետ և անվտանգ: Այդ տեսանկյունից ելնելով՝ հիմնովին վերակառուցվում է Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը: Հայաստանը ստանձնել է նաև կառուցել «Հյուսիս-Հարավ» տարանցիկ արագընթաց մայրուղին, որը կապում է Վրաստանը Իրանի հետ: Այս մայրուղու կառուցմամբ Հայաստանի տնտեսության զարգացումը աննախադեպ առաջընթաց կգրանցի: Ճանապարհները տվյալ երկրի համար կարևորագույն կոմունիկացիա են, այնպես, ինչպես արյունատար անոթները՝ կենդանի օրգանիզմի համար: Երկրի զարգացման աստիճանի գնահատման կարևորագույն բաղադրիչներից մեկը նրա ճանապարհային ցանցի հագեցվածությունն ու որակն է: Առանց լավ ճանապարհային ցանցի՝ հնարավոր չէ ունենալ զարգացած տնտեսություն, արդյունաբերություն, մշակույթ, սպորտ, տուրիզմ: -Ճանապարհաշինությունը էժան հաճույք չէ: Բայց գումարներ ներդնելով այդ բնագավառում, բնականաբար դրանք վերադառնում են: -Ճանապարհաշինությունը բարդ ինժեներական կոմունիկացիաներով (կամուրջ, թունել, խողովակներ)  համալիր է, որը աշխատատար է և պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ: Խելամիտ ներդրումների դեպքում ճանպարհների վերանորոգման վրա ծախսվող գումարները կարող են հետգնվել 5-10 տարվա ընթացքում, իսկ խոշոր կառույցների դեպքում հետգնման ժամկետը կարող է հասնել մինչև 30 տարվա: Վերադարձվող գումարները կարող են լինել տարբեր բնույթի, օրինակ՝ տուրիզմի զարգացումից ստացված գումարներ, տարանցիկ բեռնափոխադրումներ, վառելիքաքսուկային նյութերի տնտեսում, մեքենաների շահագործման ծախսերի փոքրացում, ժամանակի խնայողություն և այլն: -Երկիրը ինչ վիճակում էլ լինի, ճանապարհներ կառուցվելու են, վերանորոգվելու են: Ուստի այն հեռանկարային աշխատանք է: Երիտասարդները հետաքրքրվա՞ծ են ճանապարհաշինությամբ: Խորհուրդ կտա՞ք գալ այս ոլորտ: -Ցանկացած երկիր, առանց զարգացած ճանապարհային ցանցի, ունի ձախողված տնտեսական աճ, ցածր տուրիստական հոսքեր: Այդ իսկ պատճառով ճանապարհային ցանցը պահանջում է անընդհատ վերանորոգում, հիմնանորոգում, անհրաժեշտության դեպքում նաև՝ վերակառուցում, ուստի այն ունի մշտական զարգացման հեռանկար: Երկար տարիներ դասավանդում եմ ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ավտոմոբիլային ճանապարհներ մասնագիտության տարբեր առարկաներ, ղեկավարում եմ բակալավրիատի և մագիստրական աշխատանքները: Այդ ընթացքում բացահայտվում են լավագույն հեռանկարներով օժտված երիտասարդներ, որոնք մեծ ցանկություն ունեն շարունակել ուսումը և աշխատել ճանապարհաշինության ոլորտում: Իմ կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նման երիտասարդներին, ընդունվում են աշխատանքի նախագծային կազմակերպություններում, անցնում նախաորակավորման տարբեր փուլեր և հիմնական աշխատանքի են ներգրավվում շինարարությունում: Ցանկացած երիտասարդ մասնագետ պետք է սիրի իր մասնագիտությունը, հակառակ դեպքում այդ ոլորտում ինքն անելիք չունի: -Տեխնոլոգիաները շինարարության մեջ փոխվում են, Հայաստանը հետևո՞ւմ է տեխնոլոգիական զարգացմանը: -Հայաստանում ներդրվող ցանկացած նորագույն տեխնոլոգիա և տեխնիկա իրականացվում է «Ճանապարհ» ՍՊԸ-ի անմիջական մասնակցությամբ: Հայաստանում առաջին անգամ ճանապարհային պատվածքի սառը վերամշակման տեխնոլոգիան կիրառվել է մեր կազմակերպության կողմից 2010թ.-ին: «Ճանապարհ» ընկերությունը լիզինգային կարգով ձեռք է բերում ժամանակակից սարքավորումներ (ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզ, շարժական ասֆալտբետոնի գործարան, շարժական քարջարդիչներ, ճանապարհային ծածկի մակերեսային մշակման նոր սարքավորում), որոնք կիրառելով հանգեցնում են տնտեսական մեծ էֆեկտի, ինչպես նաև աշխատանքների կատարման նոր որակական ցուցանիշների: Նորագույն տեխնիկաների և տեխնոլոգիաների կիրառումը բերելու է ճանապարհների շահագործման երկարակեցության մեծացման: -Հայաստանի ճանապարհաշինության զարգացման ի՞նչ առաջնահերթություններ կնշեք: -ՀՀ ճանապարհաշինության զարգացումը պետք է դիտարկել ճանապարհային ցանցի բարելավման, առանձին տեղամասերում նրանց նորմատիվային պահանջների բարելավման, ինչպես նաև ճանապարհի կահավորման տարրերի արդիականացման համատեքստում: Հարցազրույցը Անի Սահակյանի

Lragir.am,
17-09-2019 11:38