Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

17-09-2019 11:34

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում 17 միավոով զբաղեցրել են 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալներ: Միջոցառմանը, որն անցկացվել է արդեն 15-րդ անգամ, այս տարի մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից: Հայաստանի թիմը տոնել է 5 հաղթանակ, այդ թվում 3-ը՝ խոշոր հաշվով, խաղացել է 2 ոչ ոքի եւ պարտվել 2 խաղում: 24 միավորով հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որն առաջին անգամ էր մասնակցում մրցաշարին: 3-րդ տեղը բաժին է հասել Ուկրաինայի թիմին՝ 15 միավոր: Հայաստանի թիմի կիսապաշտպան Հովհաննես Մելքունյանն էլ արժանացել է մրցաշարի լավագույն խաղացողի կոչման եւ որպես պարգեւ ստացել է Լիտվայի հավաքականի մարզաշապիկ: Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիներին Հայաստանի լրագրողներն երեք անգամ էլ գրավել էին 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների: Հավաքականում ընդգրկված են Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ: Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է: Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն էր, հովանավորը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը: Միջոցառմանը Հայաստանի լրագրողների թիմի մասնակցության մանրամասներին կարելի է ծանոթանալ հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/armmediateam/:

Lragir.am,
17-09-2019 11:34