Հրայր Թովմասյանը իմ աչքի լույսը չէ, բայց դա չի խանգարում ինձ ասել ճշմարտությունը. ԲՀԿ պատգամավոր

17-09-2019 11:33

«Հրայր Թովմասյանը իմ աչքի լույսը չէ, բայց դա չի խանգարում ինձ ասել ճշմարտությունը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ն կմիանա՞ «Իմ քայլը» խմբակցությանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացում: Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշում կայացնի անդամի լիազորությունները դադարեցնելու համար: «Հիմա ով հանդես է գալիս նախաձեռնությամբ, նկատի ունեմ՝ Իմ քայլը դաշինքը, իրենք պարտավոր են ՀՀ գործող օրենսդրության համաձայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով ներկայացնել այդ նախաձեռնությունը: Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել: Ես ավելի շատ այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում: Թողնենք, թող դատարանը որոշի: Եթե ՍԴ-ն կգտնի, որ Հրայր Թովմասյանը հարուցել է ՍԴ մասին օրենքի խախտում, թող  որոշում կայացնի: Բայց մենք այն քաղաքական ուժը չենք, որ որոշենք միանալ ինչ-որ նախաձեռնության՝ առանց դրա հիմքերը վերլուծելու»,- ասաց Գևրոգ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս պահին ԲՀԿ-ն այդպիսի հիմք չի տեսնում, ՍԴ-ում չկա իրավիճակ, որը լինի անկառավարելի, մարմինը գործում է: Այլ հարց է, որ, ըստ Պետրոսյանի, առանձին անձինք չեն ներկայանում նիստերի, որոշումների ընդունմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնել տալիս: «Մենք այդպիսի նախաձեռնությունների չենք միանում, որովհետև համոզմունք չունենք, պետք է լինի կոնկրետ հիմք: ՍԴ մասին օրենքում հիմքերը նշված են: Թող իրենք դիմեն, ՍԴ-ն կորոշի, թե ինչ անի»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ ասաց, որ ինչ վերաբերում է խնդրի քաղաքական կողմին, ապա մեխանիզմը, որն առաջարկում է «Իմ քայլը» խմբակցությունը, բավական մշուշոտ է: «Մենք չենք ասում՝ դեմ ենք, կողմ, դա չէ խնդիրը: Ամենակարևորը, բոլոր խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն իրավական դաշտում, իրենք լուծվեն բացառապես իրավական դաշտում: Եթե դուրս գան իրավական շրջանակներից, դա իր մեջ պարունակում է վտանգ»,- հավելեց Աբովյանը:

Lragir.am,
17-09-2019 11:33