Վրաստանի Եվրոպական դպրոցը բաց է նաև հայերի համար

Սեպտեմբերի 17-ին Եվրամիությունը Վրաստանի կառավարության հետ համատեղ սկսել է Վրաստնում Եվրոպական դպրոցի շինարարությունը, որն առաջին եվրոպական դպրոցն է ԵՄ սահմաններից դուրս: Համատեղ նախաձեռնությունը վրացի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրների աշակերտների համար դպրոց կստեղծի, որը կրթության առանձնահատուկ մոդել կունենա՝ հիմնված բազմամշակութայնության, խաղաղության ու համերաշխության եվրոպական ու միջազգային արժեքների վրա: Պաշտոնական արարողությունը գլխավորել են Եվրոպական հանձնաժողովի անդամ Յոհանես Հանը եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Անցած տարի մեկնարկել էլ պիլոտային ծրագիրը: Թբիլիսիում գործում է դպրոց, որն այս տարի ստացել է լիարժեք միջազգային դպրոցի կարգավիճակ: Դպրոցում գործում են վրացական ու անգլիական սեկցիաներ: Անգլիականում սովորում է մոտ 120 աշակերտ, որոնցից 9-ը՝ Հայաստանից: 17 տարեկան Յանա Դանիելյանը, ով Երեւանից է, երկրորդ տարին է սովորում այդ դպրոցում: «Ընկերուհիս տեղեկություն էր ուղարկել այս ծրագրի մասին, փորձեցի եւ ստացվեց: Շատ ուրախ եմ, որ ստացվեց, որովհետեւ այն ինձ բազմաթիվ հնարավորություններ է տվել: Այստեղ ապրում ենք կրթաթոշակով: Առայժմ բնակվում ենք հատուկ հյուրանոցում, բայց կառուցվում է հանրացակարան ու նոր դպրոց:», – նշել է նա: «Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում եմ ընդունվել եվրոպական կամ ամերիկյան համալսարան, որն ավարտելուց հետո կմտածեմ Հայաստան վերադառնալու մասին: Շատ եմ ցանկանում օգտակար լինել երկրից: Մտածում եմ անգամ մասնագետների թիմ հավաքել, որոնք կարող են տեղափոխվել ու ինչ-որ բան անել երկրի համար: Ցանկանում եմ բիզնես կառավարում սովորել կամ տնտեսագիտություն»: Նանե Վարդանյանն ընդունվել է այս տարի, մինչ այդ սովորում էր Երեւանում, Շիրակացու դպրոցում: «Ընդունվել եմ Նորվեգական միջազգային դպրոց եւ Վրաստանի Եվրոպական դպրոց, բայց հասկացել եմ, որ այստեղ ավելի հեշտ կլինի, որովհետեւ հեռու չի ծնողներից, մշակույթն էլ մոտ է մեզ: Այստեղ կրթությունը շատ բարձր մակարդակի վրա է»: Մինչ այդ աղջիկները Հայաստանում մասնակցել են միջազգային նախագծերի ու մրցույթների, շատ ճամփորդել են և երբեք խնդիր չեն ունեցել այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Մշակութային խոչընդոտներ չեն եղել, իսկ այստեղ ընդհանրապես չկան, որովհետեւ բոշորը շատ հանդուրժող են: Աղջիկներն ասում են, որ դպրոցում սովորում են երեք ադրբեջանցի աշակերտներ, եւ նրանց հետ շփումը հեշտ է, որովհետեւ «մշակութային առումով նրանց հետ ավելի մոտ են, քան, օրինակ, բելառուսների»: «Մենք ձգտում ենք չքննարկել ազգամիջյան հարցեր, պարզապես շփվում ենք: Բոլորը հասկանում են, որ այստեղ են եկել ներկայացնելու իրենց երկիրը, հանդուրժողականություն ցուցաբերելու, հասկանալու ուրիշների մշակույթը եւ կիսելու փորձը», – ասում են Յանան ու Նանեն: «Դիմեք, որքան շատ, այնքան լավ, այստեղ շատ բան են սովորեցնում, այստեղի դիպլոմով կարելի է ընդունվել աշխարհում ցանկացած տեղ», – ասում է Յանան: Առաջին տարում Հայաստանից դիմել է ընդամենը 13 հոգի, ընտրել են 4-ին, երկրորդ տարին դիմել է 200 հոգի, ընտրել են 5-ին: Նոր դպրոցն ընդունելու է 300 աշակերտի, եւ այդ դեպքում միգուցե հնարավոր կլինի Հայաստանից ավելի շատ մարդու ներգրավել: Նոր դպրոցը կառուցվելու է Թբիլիսիի Լիսի լճի մոտ: Սպասվում է, որ այն դռներն աշակերտների առաջ կբացի 2023 թվականին: Վրաստանից, ինչպես նաեւ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովայից եւ Ուկրաինայից աշակերտները կարող են սովորել հատուկ ուսումնական ծրագրով, որը համապատասխանում է վրացական, եվրոպական ու միջազգային կրթական համակարգերի բարձր պահանջներին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
17-09-2019 18:14