Ի հարգ պահպանողականության սկզբունքների

17-09-2019 19:14

Անցյալից չհոշոտվելու միակ տարբերակը այն վերաիմաստավորելն է: Անցյալը մոռացողը, անցյալի հետ հաշտվողը` առանց այն փորփրելու, վերաիմաստավորելու, ակամա դառնում է անցյալի գերին, պատանդը, հպատակը և կրում կրտված ապագայի, այսինքն անցյալում ապագայի (արդեն մասամբ՝ ներկայի) հանդեպ անորոշության վախերի ծանրությունը: Այդ գերին, պատանդն ու հպատակն ակամա կամ իներցիայով առաջնորդվում են ներկային և իրողություններին անհաղորդ վերաբերմունքով և դրսևորում ժամանակավրեպ, իռացիոնալ, երբեմն՝ հակամշակութային վարք: Ինչպես է վերաիմաստավորվում անցյալը. Օրինակ 1 – Օսմանյան Թուրքիայում 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերաիմաստավորվել է 1960-ականներին, Սառը պատերազմի թեժ շրջանում: Մինչ այդ (1921-ից սկսած) Թուրքիան համարվում էր Սովետի եղբայրը, և սովետական ժողովուրդը (այդ թվում՝ հայերը) սիրով և եղբայրաբար էին արտահայտվում Թուրքիայի ներկայի և անցյալի վերաբերյալ: Իսկ ովքեր փորձում էին խոսել Թուրքիայում հայ ժողովրդի եղեռնի, բռնագաղթի, հայրենազրկության մասին, դատապարտվում էին, աքսորվում, հալածվում: 1960-ականներին հակառակը, խրախուսվում էր Ցեղասպանության մասին խոսելը: 1939-ին Երվանդ Քոչարի քանդակած Սասունցի Դավթի գիպսե արձանը փշրվել ու ապամոնտաժվել է Թուրքիայի պահանջով, Քոչարը 2 տարի նստել է սովետական բանտում: Իսկ 1959-ին նույն Երվանդ Քոչարը քանդակել է Սասունցի Դավթի նոր արձանը, որը կանգնած է Երևանի կայարանամերձ հրապարակում: 1965-ի մարտի 16-ին Սովետը որոշում ընդունեց կառուցել Ցեղասպանության հուշահամալիր (նկատենք, որ Հայոց ցեղասպանության թեմայով «հողե՛րը, հողե՛րը» կարգախոս-պահանջով ցույցերը,  Երևանում և հայաբնակ գաղութներում տեղի են ունեցել այս որոշումից մեկ ամիս անց՝ 1965-ի ապրիլի 24-ին, և այդ պատճառով չեն դիտարկվում որպես հուշահամալիրի կառուցման հասարակական պահանջ): 1965-ին Կոմիտասի 100-ամյակի առթիվ հայտարարված գրական մրցույթը շահած Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» և Մուշեղ Գալշոյանի «Ծիրանի ծառը» ոչ միայն Կոմիտասի, այլև Հայոց ցեղասպանության մասին էին: Այսինքն՝ անցյալում տեղի ունեցած մեկ պատմական-քաղաքական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության և այն իրականացնող երկրի վերաբերյալ մինչ 1960-ականները եղած գնահատականը, վերաբերմունքը, դիրքորոշումը վերաիմաստավորվեց: Եվ դա պայմանավորված էր Սառը պատերազմի քաղաքական իրողություններով: Օրինակ 2 – Խորհդային բռնազավթման տարիներին (1920-1991) Հայաստանում բազմաթիվ նշանակալի պատմական-քաղաքական իրադարձություններ և գործիչներ ներկայացվում էին բացասական գծերով: Մասնավորապես՝ նշվում էր նույեմբերի 29-ը, որպես հայ ժողովրդի ազատագրման օր, 1-ին հանրապետությունը ներկայացվում էր որպես դաշնակցական ավանտյուրա, 1-ին հանրապետության գործիչները, այդ թվում՝ Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը և մյուսները բացասական բնութագրեր ունեին, 2-րդ համաշխարհայինը ներկայացվում էր որպես Հայրենական պատերազմ, հայ ժողովրդի նկատմամբ զանգվածային հալածանքները՝ որպես հակահեղափոխականների և ժողովրդի թշնամիների դեմ արդարացի իրավական գործողություններ և այլն: 1991-ից՝ Հայաստանի անկախացումից հետո այս իրադարձությունների և գործիչների նկատմամբ վերաբերմունքը, դիրքորոշումները, բնութագրերը վերաիմաստավորվեցին: Այդ վերաիմաստավորումներն ընթանում են նաև այսօր: Գարեգին Նժդեհի և Արամ Մանուկյանի արձանները Երևանում կանգնեցվեցին մի քանի տարի առաջ: Դեռևս 2008 թվականին ՀՀ ԱԱԾ շենքի 3-րդ հարկի սենյակներից մեկում (որտեղ նույն թվի ապրիլի 7-ին Պահպանողական կուսակցության քարտուղարը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով) պատից կախված էր Ֆելիքս Ձերժինսկու մեծադիր նկարը: Իսկ մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն, ի դեմս՝ ԱԱԾ պետի օգնականի, պաշտոնապես հայտարարեց, որ ԱԱԾ-ն ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը չի: Այստեղից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը սովետի իրավահաջորդը չի: («Այո, ցավալի է, որ տեղի է ունեցել նման տևական ընդհատում, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դա անկախ պետականության ընդհատում էր: Անկախության կորուստը որևէ նորմալ մարդու կողմից չի կարող դրական գնահատվել»:- ԱԱԾ պետի օգնական): Այսինքն՝ տեղի է ունենում քաղաքական իրադարձությունների, գործիչների, կառույցների նկատմամբ, կարճ ասած՝ խորհրդային անցյալի վերաիմաստավորում, որը պայմանավորված է Հայաստանի անկախացման իրողությամբ: Եվ այստեղ դեռ շատ ասելիք-անելիք կա, որովհետև բազմաթիվ քաղաքական իրադարձություններ, ազգային, անկախական, քաղաքական գործիչներ, ինչպես նաև խորհրդային բռնազավթման շրջանի իրադարձություններ, կոլաբորացիոնիստ գործիչներ, աղավաղված եզրեր վերաիմաստավորման և, ըստ արժանվույն, մեկնաբանման-գնահատման կարիք ունեն: Օրինակ 3 – 2018-ի ապրիլի Թավշյա հեղափոխությունից  հետո (ինչպես գերթե բոլոր հեղափոխություններից հետո) բազմաթիվ գործիչներ, նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած իրադարձությունները, և մեծ հաշվով՝ նախկինների վարած քաղաքականությունը վերաիմաստավորման է ենթարկվում: Դրանց անդրադառնում են թե՛ ներկա, թե՛ նախկին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները: Եվ չնայած՝ այսօր ապրում ենք ազատ և ժողովրդավարական երկրում, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու անցյալի, անցյալի վերաիմաստավորման վերաբերյալ, այնուամենայնիվ՝ անցյալի վերաիմաստավորումն, ինչպես բոլոր տեսակի հասարակություններում, ընթանում է վերևից ներքև, թեև՝ որոշ գործիչներ վերաիմաստավորման շրջանակներ և սկզբունքներ են ընդգծում, փորձելով ազդել հասարակական կարծիքի և իշխանությունների դիրքորոշումների վրա: Մասվարապես՝ ՀՀ նախկին պաշտոնյա, Բարձր Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի 13.09.2019-ին Ֆեյսբուքում կատարած գրառումը ևս անցյալի վերաիմաստավորման փորձ է: Ողջունելի է, որ նախկին պաշտոնյան անդրադառնում է այս խնդրին, բայց հասկանալի չէ, թե ինչու է Հանրապետական կուսակցության (իրեն պահպանողական հռչակած) իշխանության ժամանակ դիվանագիտական պաշտոն ունեցած փորձառու գործիչը նկատառումներում ու գնահատականներում արհամարհում անցյալի վերաիմաստավորման պահպանողական սկզբունքը, տուրք տալով հեղափոխական իռացիոնալ տրամադրություններին և նախկինների չափազանցված վախերին, որոնց մեծ մասն առընչվում է հեղափոխական «գիլյոտինին»: Տեղին է ընդգծել, որ նույն Մարտի 1-ի ժամանակ Քոչարյանին, հնարավոր է, զեկուցել են օտար (ռուսական) ուժերի կողմից պատրաստվող սադրանքի մասին, որի պարագայում նույնիսկ Սահմանադրության ընձեռած հնարավորություններից դուրս գործելը հանուն պետության և ժողովրդի անվտանգության իրոք տղամարդկություն էր պահանջում: Իսկ այդ օրերի գործունեությունն արժևորելու համար անկախ և բաց քննություն է պահանջվում այս դրվագի վերաբերյալ: Այլ հարց է, արդյոք պատրա՞ստ են նրանք (նախկիններն): Ունակ են բաց խոսել ռուսական սադրանքի մասին Մարտի 1-ի օրերին: Հարկ է նկատել նաև, որ չի կարելի արհամարհել անկախ Հայաստանի գոյությունը, արհամարհել խորհրդային բռնազավթման իրողությունն ու խորհրդային զավթիչների հետ գործակցածներին մեծարելու մասին խոսել: Դա նույնն է, թե Ֆրանսիայում, Հունգարիայում, Ռուսաստանում ազգովի հարգանքի տուրք մատուցեն ֆրանսիական, հունգարական կոլաբորացիոնիստների, Լոկոտական հանրապետության (1941-1943թթ) ղեկավարներին: Դա ոչ միայն ժամանակավրեպություն կորակվի, այլև հակաքաղաքակրթական և նույնիսկ՝ դավաճանական մոտեցում: Սա նկատի ունենալով՝ Պահպանողական կուսակցությունը բազմիցս բարձրաձայնել է, որ Հայաստանի ապագայի մասին կարելի է խորհել և այդ ապագան կառուցել միայն ամբողջական լյուստրացիա իրականացնելուց հետո: Իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչելու, աշխարհի և մարդկության համար հասկանալի եզրերով խոսելու փորձված ուղին է սա, առանց որի անցյալի վերաբերյալ գնահատականը կիսատ է, առանց որի ցանկացած իրադարձություն, գործընթաց, հերոս կամ հակահերոս ունենալու են լոկ սուբյեկտիվ-հատվածական, կիսատ-պռատ գնահատականներ, որոնք հեռավոր առնչություն կունենան անցյալի վերաիմաստավորման, անցյալից դասեր քաղելու, անցյալի սխալները չկրկրնելու, անցլյալի ձեռքբերումներն ու հաղթանակներն արժևորելու և զարգացման (ապագայի) հուսալի-ամուր մշակութային հիքմեր ստեղծելու համար: Հայկ Միրզոյան, Պահպանողական կուսակցության անդամ Հ. Գ. Գեղեցիկ է այն՝ ինչ տեսնում ես ամբողջությամբ: Կիսատությունն օտարում է գեղեցկությունից, մարդուն՝ մարդուց, մարդուն՝ աշխարհից, մարդուն՝ անցյալից ու ապագայից, եղբորը՝ եղբորից, մարդուն՝ հավասարությունից, մարդուն՝ ազատությունից:

Lragir.am,
17-09-2019 19:14