Իրավիճակը հարեւանությամբ լարվել է. ինչ սպասել Երեւանին

Իրավիճակը իրան-ամերիկյան տիրույթում բավականին լարվել է այն բանից հետո, երբ հրթիռակոծվել է Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարաններից մեկը: Դրա հետեւանքով Սաուդյան Արաբիան էապես նվազեցրել է նավթի արդյունահանումը, ինչը բերել է նավթի միջազգային գնաճի: Սակայն, տեղի ունեցածը միայն գնային շոկ չէ, որ առաջացրել է միջազգային ասպարեզում: Այն բերել է ԱՄՆ-Իրան փոխադարձ կոշտ գնահատականների, այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել, որ հարվածը եղել է իրանական հրթիռով: Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել է, որ Իրանը չի բանակցի Նահանգների հետ, քանի որ դա կնշանակի Իրանի հանդեպ ճնշման քաղաքականության արդյունավետություն: Այդ հայտարարությունն արվում է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում ԱՄՆ եւ Իրանի նախագահների հնարավոր հանդիպման սպասումների ֆոնին:  Սաուդյան Արաբխայի նավթավերամշակման գործարանի հրթիռակոծումից հետո այդ մասին կարծես թե խոսք լինել չի կարող: Տեղի ունեցածը արգելափակում է երկկողմ հարաբերության կարգավորման տենդենցի թեկուզ մոտալուտ հեռանկարը: Ու դա Նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնանկության ֆոնին, որը համարվում էր Իրանի նկատմամբ կոշտ գծի անզիջում կողմնակից, եւ համարվում էր, որ նրա պաշտոնանկությունը հնարավոր է բերի ամերիկա-իրանյան կոնֆլիկտի որոշակի լիցքաթափման: Դրա առանցքային շահառուներից է իհարկե Հայաստանը, միանգամայն հասկանալի պատճառներով: Արդյոք Սաուդյան Արաբիային ուղղված հարվածը սառեցնում կամ հետաձգում է ամերիկա-իրանյան ուղղությամբ լիցքաթափման Երեւանի որոշակի հնարավոր ակնկալիքները, առավել եւս վարչապետ Փաշինյանի ԱՄՆ այցից առաջ: Իրանի դեմ պատժամիջոցների առաջացրած խնդիրների մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ասուլիսում, հայտարարելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Երեւանում սպասում են հոկտեմբերի 1-ին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
17-09-2019 20:46