Վանեցյանի հրաժարականը բավական տհաճ իրադարձություն է իշխանության համար

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Պարոն Ղևոնդյան, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», ասված է հայտարարության մեջ: Արդյոք այս հրաժարականով իշխանության ներսում ճեղքեր են առաջանում: Բնականաբար, իշխանության վերին էշելոնում կան որոշակի անհամաձայնություններ: Կարծում եմ՝ Վանեցյանի հրաժարականը բավականին տհաճ իրադարձություն է իշխանության համար՝ առաջին հերթին վարկանիշի առումով, քանի որ Վանեցյանը այն պաշտոնյաներից էր, որը բավականին վարկանիշ էր բերում իշխանությանը և իշխանության վարկանիշի նվազելու դանդաղ տեմպը ինչ-որ չափով պայմանավորված էր նաև Վանեցյանի իրականացրած գործունեության հետ: Տեսնենք, թե ով կնշանակվի Վանեցյանի փոխարեն: Սա շատ կարևոր պաշտոն է, և ում էլ նշանակեն այդ պաշտոնին, իշխանության վարկանիշի վրա ազդեցություն ունենալու է: Իսկ եթե հետևեն այլ հրաժարականներ, այդ դեպքում կարելի է խոսել իշխանության ճեղքվածության մասին, բայց այս պահին ունենք մեկ հրաժարական, որը իշխանությունն ինչ-որ կերպ պետք է փորձի փոխհատուցել, և չի բացառվում, որ Վանեցյանին փորձեն մի այլ տեղ օգտագործել: Ինչ վերաբերում է հրաժարականի պատճառներին, ապա պատճառները շատ տարբեր կարող են լինել: Մասնավորապես հնարավոր է, որ ԱԱԾ-ն հրաժարվել է որոշակի գործողություն իրականացնել, ինչը պահանջել է իշխանության մնացած մասը: Տեսնենք, թե ինչ կլինի: Եթե, օրինակ, Վանեցյանը տեղափոխվի մեկ ուրիշ՝ ոչ այնքան պատասխանատու պաշտոնի, ապա կարող ենք ենթադրել, որ իշխանությունը որոշակի առումով կարողանում է կոնսոլիդացիա պահել իր ներսում: Ըստ մամուլի հրապարակումների՝ Փաշինյանը սկսել է չվստահել իր թիմակիցներին, այդ թվում՝ Վանեցյանին: Բացառո՞ւմ եք: Չեմ կարծում, թե այստեղ վստահել-չվստահելու խնդիր կար: Չնայած եթե հաշվի առնենք այն, որ ԱԱԾ-ն հրաժարվել է որոշակի գործողություն իրականացնել, այդ դեպքում հնարավոր է վստահության որոշակի կորուստ լիներ և այդ փոփոխությունը տեղի ունենար: Ավելի շատ հակված եմ կարծելու, որ որոշակի հարցերի վերաբերյալ տարաձայնություններն են խոսել, տարբեր կերպ են պատկերացրել Հայաստանի զարգացման որոշակի ուղիներ՝ ավելի շատ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, քան ներքին: Վանեցյանն իր հայտարարության մեջ նաև ասում է, որ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում: Արդյոք սա հեռացող գործչի տե՞քստ էր, թե նա ազդարարում է քաղաքական դաշտում որոշակի հայտ ներկայացնելու հավակնությունների մասին: Հաշվի առնելով, որ իշխանությանն օդի և ջրի պես անհրաժեշտ է երրորդ բևեռ, հաշվի առնելով, որ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չեն կարողանում երրորդ բևեռ դառնալ իշխանությանը, իսկ դա անհրաժեշտ է, որովհետև նախկիններին միակ այլընտրանք ունենալը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, հնարավոր է նաև այնպիսի տարբերակ, որի դեպքում Վանեցյանը կկարողանա կոնսոլիդացնել այն ուժերին, որոնք չեն հարում նախկիններին և ունեն որոշակի տարաձայնություններ ներկայիս իշխանությունների հետ: Այս առումով հնարավոր է նաև այսպիսի զարգացում: Խոսվում է նաև արտահերթ ընտրությունների հավանականության մասին: Որքանո՞վ են իրատեսական այս գնահատականները: Ամեն դեպքում իշխանությունն այսօր դեռևս ունի լեգիտիմության այնքան պաշար, և վարչապետի վարկանիշն այնքան բարձր է, որ արտահերթ ընտրությունների մասին խոսելն անիմաստ է: Իմ կարծիքով՝ մինչև հերթական ընտրությունները իշխանության արմատական փոփոխություն չի սպասվում Հայաստանում, առավել ևս, որ այս պահին չունենք երրորդ այլընտրանք, նախկինները, որոնք միակ այլընտրանքն են այսօրվա իշխանությանը, ընդհանրապես սոցիալական բազա չունեն: Եթե շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր լինի ձևավորել երրորդ բևեռ, և այդ երրորդ բևեռը կկարողանա կոնսոլիդացնել հասարակության որոշակի հատված և ստանալ այդ սոցիալական բազան, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել արտահերթ ընտրությունների մասին, բայց դա քիչ հավանական է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
17-09-2019 21:44