Ծովինարում ընթանում է մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգումը

17-09-2019 22:14

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում  այս տարվա օգոստոսի սկզբից մեկնարկել եւ ընթանում է մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգումը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 800 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը: Տրամադրված գումարի հաշվին նախատեսված է մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգում, նոր դռների եւ լուսամուտների տեղադրում: Մնացած աշխատանքները կշարունակվեն եկող տարվա ընթացքում: «Շենքային անբարեկարգ պայմանների եւ մի շարք այլ պատճառներով Ծովինարի մանկապարտեզը չի գործել 2005 թվականից սկսած: Մանկապարտեզը ժամանակին գործել է չորս խմբով ու 100 տեղով: Մանկապարտեզի հիմնանորոգման ու արդիականացման ծրագրի նախահագծանախահաշվային արժեքը կազմել է շուրջ 68 միլիոն դրամ: Հիմա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տրամադրված գումարով իրականացվում է մասնակի նորոգում, իսկ մնացած գումարը կստեղծենք եկող տարվա ընթացքում՝ հիմնանորոգումն ավարտի հասցնելու համար », -հավաստեց համայնքի ղեկավարը:

Lragir.am,
17-09-2019 22:14