Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ

17-09-2019 22:42

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ և այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննության: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ: Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է հետևյալը: Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարն, իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մարտի 11-ին համայնքային սեփականություն հանդիսացող 15․405․000 դրամ կադաստրային արժեքով 13 հեկտար վարելահողը իբրև անջրդի հողատարածք անհամեմատ ցածր՝ 2․535․000 դրամով վաճառել է Երևանի մի բնակչի՝ համայնքին պատճառելով էական վնաս: Բացի այդ, համայնքի ավագանու որոշմամբ սեփականատիրոջը թույլատրվել է հիշյալ հողատարածքում կատարել խոչընդոտների մաքրման աշխատանքներ, իսկ ջրատար խողովակների ի հայտ գալու դեպքում համայնքի կարիքների համար տրամադրել 200 մետր խողովակ: Սեփականատերը համայնքի ղեկավարին է տրամադրել 50 հատ 4 մետր երկարությամբ ասբոխողավակներ, որոնք չեն մուտքագրվել համայնքի հաշվեկշիռ և տեղափոխվել են համաւյնքի ղեկավարի առանձնատան բակ: Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայքնի ղեկավարը հիշյալ խողովակների մի մասը վաճառել է, իսկ մյուս մասը զննությամբ հայտնաբերվել է: Փաստի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
17-09-2019 22:42