Շարունակվում է Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը

17-09-2019 22:39

Պետական բյուջեից  տրամադրված միջոցների հաշվին շարունակվում է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը մեկնարկել էր 2018 թվականին, պետական բյուջեից հատկացված շուրջ 49 միլիոն դրամի հաշվին, որի շրջանակում իրականացվեցին հիմքի կառուցման աշխատանքները: Իսկ այս տարի պետբյուջեից հատկացված 238 միլիոն դրամի հաշվին շարունակվում է երկհարկանի մասնաշենքի կառուցումը, որը կավարտվի մինչեւ տարեվերջ: Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ արդեն ավարտված է առաջին հարկի կառուցումն ամբողջությամբ եւ երկրորդ հարկին՝ մասնակիորեն: «Մեր դպրոցն այս պահին ունի 890 աշակերտ եւ նախակրթարանի 94 սան: Կառուցվող նոր մասնաշենքը նախատեսված է 340 աշակերտի համար: Դպրոցական շենքի բավարար պայմանների ապահովման համար սույն ծրագրով նախատեսված էր գործող մասնաշենքի հիմնանորոգում, սակայն վերջերս ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկացրին, որ, նախնական տվյալներով, նպատակահարմար է գտնվել ամբողջությամբ քանդել հին մասնաշենքը եւ տեղում կառուցել նորը՝ 1000 աշակերտի համար: Թերեւս, դա ավելի ճիշտ որոշում կլինի, քանի որ մեր գյուղն աճում է, տարեցտարի ունենում ենք ծնունդների ավելացում»,-նշեց Հովիկ Հովհաննիսյանը:

Lragir.am,
17-09-2019 22:39