Նիկոլ Փաշինյանը հնարավոր է դիմի դատարան Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համա

19-09-2019 14:07

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի բացառում, որ ինչ-որ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ նախկին զինվորական դատախազ, Մարտի 1-ի գործով դատապարտված Գագիկ Ջհանգիրյանի արդարացման վճռին, որը հրապարակվել է երեկ: «Կարծում եմ, որ դա շատ կարևոր իրադարձություն է եղել: Այդ արդարությունը պետք է շարունակական լինի: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել մարդկանց հետ թե նախկին իշխանությունները, թե կից գործող դատական համակարգը: Եվ սա շատ լավ օրինակ կհանդիսանա»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: Նա նշեց, որ վարչապետն այս հարցում «հետ քաշված» է և սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որևէ ճնշում չդիտարկվի նրա քայլը: «Ինքը վերջում կամ ինչ-որ փուլում կմիանա»,- ասաց նա: Հարցին, թե չի ստացվում, որ ով իշխանության է գալիս, նա արդարացվում է, Վլադիմիր Կարապետյանը հարցով պատասխանեց․ «Իսկ դուք կարծում եք, որ Ջհանգիրյանին այն ժամանակ ճի՞շտ էին մեղադրում»:

Lragir.am,
19-09-2019 14:07