Արթուր Վանեցյանը զգուշացրե՞լ էր Գագիկ Ծառուկյանին

Factor.am-ը տեղեկություն է հրապարակել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին: Ըստ տեղեկության, հանդիպումը տեւել է մի քանի ժամ ու տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը: Թեեւ հանդիպման հանգամանքը հերքված կամ հաստատված չէ, այդուհանդերձ հետաքրքիր է հատկապես նախօրեին տարածված մի պաշտոնական տեղեկության ֆոնին: Խոսքն այն մասին է, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության Թալին-Գյումրի հատվածում չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի գրուպ կոնցեռնի տնօրենին եւ էլի մի քանի անձանց: Այդ տեղեկությունը տարածել էր Քննչական կոմիտեն: Տեղեկատվության հրապարակումը հատկանշական էր ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հրաժարականների, ու նաեւ այդ շղթայում Նիկոլ Փաշինյանի գրառման ֆոնին, թե որոշ կոռուպցիոներներ հույս ունեին քողարկել իրենց կոռուպցիոն դրսեւորումները, բայց ԱԱԾ-ն անձ չէ, այլ աշխատող համակարգ, որը գնալու է բոլոր կոռուպցիոներների հետեւից: Առաջիկայում Վանեցյանը կամ Ծառուկյանը թերեւս կտան հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկություն, կպատասխանեն հնարավոր հարցերին, որոնց թվում իհարկե կարող են լինել նաեւ այլ զարգացումներին առնչվողները: Արթուր Վանեցյանը իր աղմկոտ հրաժարականի վերաբերյալ լրագրողներին տված պարզաբանման մեջ նշել էր, թե ոչ ոք թող չփորձի իրեն կապել նախկինների հետ, իսկ նախկիններն էլ թող չփորձեն իր հրաժարականն օգտագործել նոր իշխանության դեմ եւ միջամտել նոր իշխանության հետ իր հարաբերությանը: Գագիկ Ծառուկյանն Արթուր Վանեցյանի համար քաղաքական իմաստով նախկի՞ն է, թե՞ ոչ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
19-09-2019 16:54