19-09-2019 18:20

Հայաստանի բուհերի ուսանողների համար երկօրյա ֆինանսական բացօթյա դասընթացներ են կազմակերպվել, որոնց նպատակը նրանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելն է: Հայաստանի բանկերի միության կողմից «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» նախաձեռնությանը մասնակցում են Հայաստանի առաջատար բանկեր: Սեպտեմբերի 19-ին դասընթացին մասնակցում են Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողները, իսկ սեպտեմբերի 20-ին մասնակցիները կլինեն Տնտեսագիտական համալսարանի ուսանողները: Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ասում է, որ ուսանողների ընտրության հարցը թողել են համալսարանների հայեցողությանը: «Հայաստանի բանկերի միությանը մշտապես մեծ կարևորություն է տվել հասարակության տարբեր շերտերի ֆինանսական գրագիտության բարձրացման հարցին: Մեր այս տարվա միջոցառումները սկսեցինք ուսանողներից, այսօր երկու բանկերի հետ համատեղ բանկային գործին վերաբերող թեմաներ են ներկայացվել: Եվ այս նախաձեռնությունը այնուհետև կշարունակենք իրականացնել համալսարանում, լսարանային պայմաններում»,- լրագրողներին ասաց Սեյրան Սարգսյանը: Նա նշեց, որ դասընթացի թեմաները համաձայնեցրել են բանկերի հետ՝ փորձելով ճշգրտել՝ որոնք են այն թեմաները, որոնք հետաքրքրում են բանկերի հաճախորդներին, որոնց շուրջ նրանք հարցադրումներ են բարձրացնում: Դասընթացին մասնակցող բանկերի թվում է Ամերիաբանկը: «Ամերիաբանկ» ՓԲԸ անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը հանդես է եկել «Բանկը իմ առաջին 5 հավելվածների շարքում» թեմայով դասախողությամբ: «Մենք փորձում ենք ուսանողների ֆինանսական գրագիտությունը բարձրացնել, այսինքն ՝ բարձրացնել ուսանողների՝ բանկային ծառայություններից օգտվելու գրագիտությունը, բարձրացնել նրանց տեղեկացվածության մակարդակը: Սրանք ինտերակտիվ դասընթացներ են, որոնց նպատակը ոչ թե տեսական գիտելիքներ տամադրելն է, այլ կիրառական գիտելիքներ տալը»,- ասաց Էլեն Դանիելյանը: Նրա խոսքով՝ ուսանողների կողմից հետաքրքրությունը մեծ է: «Ինձ շատ դուր եկավ այն, թե ինչպես էին արձագանքում ուսանողները, որքանով էին տեղյակ այդ ամենից և ինչքանով էին մասնակցում զրույցին: Եվ կարծում եմ՝ այս նախաձեռնությունը բավական արձագանք է ունենալու: Մենք բոլորս կարծում ենք, որ սա շատ օգտակար ու կիրառելի է»,- հավելեց նա: Դասընթացի շրջանակներում «Ամերիաբանկ» ՓԲԸ թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանն էլ սեպտեմբերի 20-ին կբանախոսի «Ի՞նչ է հեռահար բանկինգը» թեմայով:

Lragir.am,
19-09-2019 18:20