ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը դասախոսությամբ է հանդես եկել Լատվիայի համալսարանում

19-09-2019 19:11

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ԱԳ նախարար Մնացականյանն այցելել է Լատվիայի համալսարան, որտեղ դասախոսությամբ է հանդես եկել միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ներկայացնելով վերջինիս բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: «Անդրադառնալով հայ և լատվիացի ժողովուրդների ընդհանուր արժեքներին և սկզբունքներին՝ նախարար Մնացականյանը նշեց. «Աշխարհի քարտեզի վրա մենք մեծ տեղ չենք զբաղեցնում, բայց գիտակցում ենք ինքնիշխանության արժեքը: Ինքնիշխանությունը շատ կարևոր գործիք է՝ պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու մեր ազգերը, մեր ժողովուրդները և մեր ինքնությունը: Այսպես է այն ընկալվում Հայաստանում: Ես ներկայացնում եմ մի պետություն, որը շատ վստահ է իր ինքնության հարցում: Դուք կարող եք գտնել մեր մասին հիշատակումներ Հին Հռոմի քարտեզներում, ինչպես նաև շատ այլ պատմական քարտեզներում: Մենք ունեցել ենք թագավորություններ, մենք պատերազմել  ենք շատերի դեմ, բայց նաև բարեկամացել ենք շատերի հետ: Նվաճել ենք, բայց նաև կորցրել ենք մեր պետականությունը, եղել ենք տարբեր այլ կայսրությունների մաս, բայց երբեք չենք կորցրել մեր ինքնությունը: Մեր ինքնության ինստիտուտներն են մեր լեզուն, մեր այբուբենը, մեր քաղաքակրթական ժառանգությունը, մեր մշակույթը»: Նախարարն իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը, ունենալով պատմական հարուստ փորձ, հնագույն ժամանակներից ի վեր, իր խորը և ազդեցիկ հետքն է թողել աշխարհի քաղաքական քարտեզի տարբեր կետերում՝ Գոայից մինչև Բեյրութ, Երուսաղեմից մինչև Ռոտերդամ: Նախարարն ուսանողների ուշադրությանը ներկայացրեց միջազգային ասպարեզում ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման օրակարգի հաստատման և ամրապնդման գործում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: «Մենք ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք: Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ժխտում է այն: Ես ներկայացնում եմ մի ժողովուրդ, որն ապրում է մերժված արդարության խոր վերքով: Մենք գիտենք անպատժելիության ցավը, ժխտման ցավը: Մենք՝ որպես պետություն, շատ ուժեղ քայլեր ենք ձեռնարկում զանգվածային վայրագությունների կանխարգելման ուղղությամբ, կանխարգելման միջազգային գործողությունների ուղղությամբ: Այս գործընթացում մենք շատ վստահելի գործընկերներ ունենք, ներառյալ Լատվիան: Մենք շատ հպարտ ենք, որ ունենք ամուր համագործակցություն աշխարհում՝ հավաքական կերպով միավորելու ուժերը և պայքարելու անպատժելիության, զանգվածային վայրագությունների, ցեղասպանության դեմ»: Եզրափակելով իր խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ չնայած պատմական դժվարին անցյալին՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ կառուցելու մի պետություն, որի հիմքում ընկած են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության սկզբունքները. «Մեր պետությունը զարգացնելու համար մենք ոչնչի առջև կանգ չենք առել, և շարունակաբար զարգացրել ենք մեր պետությունն այն նույն արժեքներով և սկզբունքներով, ինչ Եվրոպայի մյուս ժողովուրդները, Լատվիայի ժողովուրդը. ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների արժեքներն են ընկած մեր պետության հիմքում»»,- ասված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
19-09-2019 19:11